«Նեյմարի վրա մեծ պատասխանատվություն է դրված». Տիտե
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն լրագրողների հետ հանդիպմանը կիսվել է աշխարհի առաջնության խմբային փուլի Սերբիայի հետ վերջին խաղի մասին: «Սերբերը միանշանակ մեծ առավելություն ունեն «երկրորդ հարկում», բացի այդ, նրանք լավ են պատրաստված նաեւ տեխնիկապես: Սակայն մենք պատրաստ ենք չեզոքացնել նրանց՝ առանց խաղի կանոնների խախտման: Ինչ վերաբերում է Նեյմարի ինքնազգացողությանը, ապա Կոստա Ռիկայի խաղից հետո ես նույնպես արտասվել եմ, երբ զանգահարել եմ կնոջս: Դա գալիս է ստրեսից, լարվածությունից: Երբ գոլ ես խփում 91-րդ րոպեին, ապա դժվար է զերծ մնալ ապրումներից: Նեյմարը վերականգնվում է: Նա ավելի տաղանդաշատ է, քան մյուս ֆուտբոլիստները: Միգուցե նրան հարկավոր է եւս մեկ հանդիպում, որպեսզի վերջնականապես հաղթահարի հուզմունքն ու լարվածությունը: Համենայնդեպս, Նեյմարի վրա մեծ պատասխանատվություն է դրված, սակայն սխալ կլինի, եթե ամբողջ ծանրաբեռնվածությունը թողնենք նրա ուսերին», - ասել է բրազիլացի մասնագետը: Հավելենք, որ Բրազիլիա – Սերբիա հանդիպումը կկայանա այսօր, ժամը 22:00-ին: Հաջորդ փուլ մտնելու համար սերբերին անպայման հարկավոր է հաղթանակ, իսկ բրազիլացիներին ձեռք է տալիս նաեւ ոչ-ոքի արդյունքը: