Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կարելի է սատանա անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին. դիվանապետ (տեսանյութ)

Հասարակություն
Untitled2-2

«Եկեղեցականներիս համար մշտապես ուրախալի է եկեղեցու նկատմամբ ցուցաբերած ցանկացած ուշադրությունը։ Սակայն տարօրինակ է, որ այդ դրսեւորումները ձեռք են բերում այսպիսի տեսք»,-այսօր, անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի անձի շուրջ ծավալված բողոքի ակցիաներին, նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Դիվանապետի համար անհասկանալի է մտահոգությունների արտահայտման այն տոնը, որն ուղեկցվում է ատելությամբ։ «Նրանք մեկ պահանջ ունեն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։ Ինչպես կարելի է սատանա անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մտահոգիչ է եւ դատապարտելի, ինչպես կարող է հայ մարդը ոտնձգություն կատարել եկեղեցու դեմ»։ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանն խորհուրդ տվեց զերծ մնալ քաղաքական պրոցեսների օգտագործված բառապաշարը եկեղեցում օգտագործելուց.«Ինչ է նշանակում կաթողիկոսի ընտրությունները լեգիտիմ չեն»։ Դիվանապետը չհերքեց, որ եկեղեցում խնդիրներ կան.«Օրինակ հասարակության մեջ եկեղեցու գնահատման հարցը։ Մենք ոչ բավարար չափով ենք իրազեկել հասարակությանը՝ եկեղեցականների  կենսաապահովման խնդիրը։ Մենք եկեղեցականներ ունենք շրջաններում, որոնք օրվա հարցի խնդիր ունեն»,- նշեց դիվանապետը՝ հավելելով, որ ստորագրում է այդպիսի խնդիրների առկայության փաստաթղթի տակ։ Ըստ նրա՝ յուրաքանչյուրը, ինքն էլ, կաթողիկոսն էլ վրիպումներ ու սայթաքումների ունենում են, որը սակայն չի նշանակում, որ պետք է օգտվել դրանից եւ պախարակել ու վարկաբեկել.«Եկեղեցին երբեք ու երբեք չպետք է դառնա ատելության թիրախ»։ Եկեղեցականն անդրադարձավ այն հայտարարություններին, թե բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած բողոքի ակցիաների ետեւում.«Եթե բարձրաստիճան հոգեւորականները մտահոգություններ ունեն, նրանք քաջություն թող ունենան այդ խնդիրների մասին բարձրաձայնել։ Անկախ նրանից՝ ով է կանգնած սրա հետեւում, դատապարտելի է»։ Դիվանապետն «Ա1+»-ի խնդրանքով անդրադարձավ երեկ՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած միջադեպին եւ հերքեց այն լուրերը, թե միջադեպի հրահրողները  Գեւորգյան ճեմարանի սաներն էին։ «Ձեռնադրության արարողություն էր եւ նրանք եկել էին ստվեր գցելու։ Ով թույլ կտար այդ ամենը։ Ո՞ր սանը կհանդուրժեր իր հոգեւոր հոր նկատմամբ այդ ատելությունը, վարկաբեկումը։ Ձեռնադրությունը հոգեւորականի ծնունդն է եւ մարդիկ ասացին, որ իրենց տոնը ստվերվեց։ Ի՞նչ հիշողություններ մարդիկ պետք է ունենան»։