Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ թեկնածուն ունի՞ կարծիք հանրային հնչեղության հարցերի վերաբերյալ, թե ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-8

ԱԺ հերթական քառօրյային այսօր քննարկվում է ՍԴ անդամի թափուր տեղի համար դատավորների ընդհանուր ժողովը առաջադրած Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքվեց` եղել են դեպքեր, երբ փորձ է կատարվել ազդել կամ ուղղորդեն Վճռաբեկ դատարանի որոշումները։ «Երբեւէ վերեւից կամ այլ մարմնի կողմից փորձ չի կատարվել ազդեցություն ունենալ կամ ուղղորդել դատական գործընթացը։ Դա գրեթե անհնարին է իրականացնել` մանավանդ կոլեգիալ մարմնում։ Ինչ վերաբերում է ընթացող դատավորություններին, երբ խափանման միջոցներ են հիմա փոխվում, դրանք, իմ գնահատմամբ, նորմալ պրոցեսներ են։ Մինչ այդ, դատարանները չէին կարողանում իրականացնել դատավարություններ` տարբեր պատճառներով, սակայն ամեն ինչ ընկել է իր բնականոն հունի մեջ։ Հիմա փոփոխվել է այն, որ հնարավորություն է տրվել դատարաններին բնականոն իրենց աշխատանքները իրականացնել։ Մինչ այդ, նրանք ինչպես կարող էին, երբ փաստաբանները չէին գալիս դատապրոցեսներին, ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացնում»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց հասարակական այն դժգոհությունները, ըստ որի` Ելիզավետա Դանիելյանն առնվազն անտարբեր վերաբերմունք է ցուցաբերել. «Օրինակ` 2009թ. Վճռաբեկ դատարանը եղել է այն ատյանը, որը վերանայել է մարտի մեկի, Վահե Ավետյանի, Հայկ Կյուրեղյանի, Շանթ Հարությունյանի, Գեւորգ Սաֆարյանի, Վարդգես Գասպարիի, Արթուր Սարգսյանի` հաց բերողի գործերը։ Ես թվարկեցի ընդամենը մի մասը։ Ո՞րն է եղել ձեր դիրքորոշումը նշյալ գործերի վերաբերյալ, ունեցե՞լ եք տարբերվող կարծիք, հանդես եք եկե՞լ հատուկ կարծիքով»: «Խնդրում եմ` հաշվի առնել, որ ես դեռ Վճռաբեկ դատարանի դատավոր եմ ու քվեարկության արդյունքներով չի բացառվում, որ շարունակեմ պաշտոնավարել, ու ինձ վրա արգելք է դրված` կարծիք հայտնել գործերի մասին, հրապարակայնորեն քննադատություն կամ կարծիք հայտնել։ Վճռաբեկ դատարանը հայեցողական դատական ատյան է եւ նախադեպային իրավունքի խնդրի տեսանկյունից են գործերը քննվում։ Դատարանի որոշումները կարող են չհամընկնել այն խնդիրների հետ, որոնք հասարակական արդիականության խնդիր ունեն։Վճռաբեկ դատարանում կայացվող որոշումների մասին դատավորը չի կարող կարծիք հայտնել, այլ միայն այն ժամանակ, երբ որոշում է կայացվել ու միայն այդ դեպքում կարող է իր անհամաձայնությունը հայտնել։ Այդ գործառույթը եղել է իմ պարագայում` կարծիք հայտնել եմ, սակայն թե որ գործերն են դրանք եղել, չեմ կարող ասել»,- հայտարարեց Ելիզավետա Դանիելյանը։ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց` ասելով. «Այս դահլիճը այսօր կամ վաղը քվեարկելու է, ես չեմ կարող քվեարկել, եթե չիմանամ` դուք ունե՞ք ձեր տեսակետը այդ հանրային հնչեղության հարցերի վերաբերյալ, թե ոչ»։ «Ես ոչ մի պարագայում չեմ կարող խախտել օրենքը, թեեւ շատ հարգում եմ պատգամավորների կարծիքը։ Էթիկապես հարիր չէ քննարկել այդ գործերը, ու ես չեմ կարող չարաշահել իմ լիազորությունները»,- նշեց Ելիզավետա Դանիելյանը։