«Մենք չենք ասել, թե ինչ է ՀՀԿ ծրագիրն է, ուրեմն ավտոմատ պետք է մերժվի» (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանհ նկատեց. «Ձեզ բարեկամաբար մի խորհուրդ` ներդրումների կառավարումը մի վերապահեք ԱԱԾ-ին, դա իմ խորհուրդն է ձեզ։ Ողջունում եմ պարտադիր կուտակային համակարգի մասին ձեր մոտեցումը։ Սակայն մի դրույթ չտեսա, որ վերաբերեր ՀՅԴ կամ Ծառուկյան խմբակցությունների ծրագրային դրույթներին։ Այսինքն, Կառավարության ծրագրի պատասխանատվությունը միայն դո՞ւք եք կիսում»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ԱԱԾ հասցեին չօգտագորել ԿԳԲ տերիմը. «Դա կարելի էր վեց ամիս առաջ, երբ բոլոր կաբինետներում Ֆելիքս Դերժինսկու լուսանակարներ էին փակցված։ «Ծառուկյան» ու ՀՅԴ քաղաքական ուժերի ծրագրերը կան ու մեր տեսադաշտում են լինելու։ Մենք փորձել ենք ավելացնել այն կոմպոնենտը, որը հրապարակի կոմպոնենտն է, ընդամենը այդ գործոնն ու ասելիքն ենք ավելացրել, հրապարակի օրակարգը։ Կառավարությունը, բնականաբար, քննարկելու է քաղաքական այս երկու ուժի ծրագրային կետերը, ինչու չէ նաեւ ՀՀԿ ծրագրի դրույթները, օրինակ` կուտակային համակարգի հետ կապված։ Մենք չենք ասել, թե ինչ է ՀՀԿ ծրագիրն է, ուրեմն ավտոմատ պետք է մերժվի»:
Խոսրով Հարությունյանն արձագանքեց` ասելով. «ԱԱԾ-ի հետ կապված ոչ թե ես, այլ արտերկրի ներդրողներն են դրան բացասական վերաբերվում։ Ներող կլինեք»։ «Կառավարության կազմը ձեւավորվել է հանրությունում ուժերի բաշխման հիման վրա, այլ ոչ թե ԱԺ-ում ներկայացված ուժերի քանակի հիման վրա ու պատասխանատվությունը կրում է այն թիմը, որը իրականացրել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ելույթ ունենալու համար հերթագրվեց 15 պատգամավոր։