«Շիրակը» 5000 դոլարի պատճառով 540 հազար եվրո կորցրեց
Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, հրապարակել է 2018-19թթ չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի պարգեւավճարների չափը: Մասնավորապես՝ չեմպիոնների լիգայի նոր հաղթողը կստանա 19 մլն, իսկ եզրափակիչի մասնակիցը՝ 15 մլն եվրո: Եվրոպայի լիգայում այդ պարգեւավճարները համամետաբար ցածր են՝ համապատասխանաբար 8,5 եւ 4,5 մլն եվրո: Մեզ համար, բնականաբար, հետաքրքիր են նախնական փուլի դրույքաչափերը, քանի որ հայկական թիմերը դեռեւս չեն կարողացել հաղթահարել երկրորդ փուլի արգելքը: Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում մասնակցելու համար, որտեղիգ սկսելու է Հայաստանի ներկայացուցիչը, թիմերը կստանան 280 հազարական եվրո: Երկրորդ փուլ մտած ակումբներն արդեն 100 հազար եվրո ավելի կվաստակեն: ՈՒԵՖԱ-ի նոր մրցակարգով, չեմպիոնների լիգայից դուրս մնացած թիմերը ելույթները կշարունակեն Եվրոպայի լիգայում: Որակավորման 1-ին փուլի մասնակիցները կպարգեւատրվեն 240 հազարական եվրոյով, երկրորդ փուլում՝ 260 հազարական: Այդպիսով, չեմպիոնների լիգայում, ապա Եվրոպայի լիգայում անհաջողության մատնված ակումբները նվազագույնը 540 հազարական եվրո կվաստակեն: Դա նշանակում է, որ եթե Գյումրիի «Շիրակի» աշխատակիցը պայմանավորված խաղ կազմակերպելու փորձ չաներ եւ թիմը չեմպիոն դառնար, որի համար կային բոլոր նախանշանները, ապա ակումբը մեծ գումարներ կվաստակեր: Ավաղ, 5 հազար դոլարի պատճառով (ըստ ՀՖՖ-ի ներկայացրած նյութերի՝ գյումրեցիների աշխատակիցը հենց այդքան գումար է առաջարկել «Բանանցի» ֆուտբոլիստին) ՀՖՖ-ն թիմից հանեց 12 միավոր, որի պատճառով այն զրկվեց չեմպիոնի կոչումից, իսկ ակումբը՝ 540 հազար եվրո պարգեւավճարից: