Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասանելի կլինեն հայկական նոր տառատեսակներ (տեսանյութ)

Հասարակություն
Nikolo3

Հայկական նոր տառատեսակներից մեկը թավշյա հեղափոխության ազդեցության տակ կոչվել է «Նիկոլո»։ Այն ստեղծում է Renderforest հայաստանյան ընկերությունը։ Renderforest-ը  առցանց հոլովակներ պատրաստելու հարթակ է: Գրանցվելով համանուն կայքում օգտատերերը կաղապարների միջոցով ստեղծում են սեփական տեսանյութերը:  «Այդ կաղապարների մեջ մենք օգտագործում ենք ֆոնտեր, որպեսզի դրանք սազական լինեն այդ կաղապարներին: Հետագայում հայ օգտատերերն ասացին, որ եղած հայկական ֆոնտերը չեն սազում տվյալ կաղապարին և միտք հղացավ, որ մենք ստեղծենք մեր ֆոնտերը, որոնք կիրառելի կլինեն դրանց հետ»,- պատմում է իլյուստրատոր Անուշ Ղազարյանը: Տառատեսակները հասանելի կլինեն մոտավորապես մեկ ամսից: Ճիշտ է, դրանք մեծանասամբ ստեղծվել են կայքի օգտատերերի և կաղապարների համար, բայց այն հնարավոր կլինի անվճար օգտագործել նաև այլ հարթակներում: «Այս ֆոնտերը տարածվելու են ամբողջությամբ անվճար, դրանք ինչ-որ շահույթ չեն հետապնդում, իմաստը կայանում է նրանում, որ մենք փորձում ենք  հայկական ֆոնտադարանին նվիրել ֆոնտեր, որոնք կլինեն նորաձև և կիրառելի»,- նշում է Անուշ Ղազարյանը: «Նիկոլո», «Բոքոնիկ», «Երևանյան», «Գրքալիր», «Նորտառ». տառատեսակների անվանումները հայկական են, իսկ նախատիպը ոչ այնքան: «Ֆոնտերի մեծ մասի ոգեշնչման աղբյուրը եղել են լատինատառ ֆոնտերը, բայց կա նաև մի ֆոնտ, որի ոգեշնչման աղբյուրը մեր պատկերացումն է միայն եղել»,- ասաց իլյուստրատոր Հրաչյա Հովհաննիսյանը: Մարդկանց աչքերը հաճախ հոգնում են  տեքստեր կարդալուց: Ըստ իլյուստրատորների՝ դրա պատճառը կարող են լինել նաև սխալ ընտրված տառատեսակները: Այս տառատեսակները ստեղծելիս նրանք խորհրդակցել են մասնագետների հետ և պահպանել մի շարք սկզբունքներ: Ընկերությունն առաջիկայում նախատեսում է շարունակել նոր տառատեսակների շարքը: