Աշակերտները՝ գործարարներ
Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Հայաստանի պատանեկան նվաճումներ»(ՀՊՆ) կազմակերպությունն իրականացրեց «Աշակերտական գործարար ընկերությունների (ԱԳԸ) տոնավաճառ»ամենամյամիջոցառումը, որը կազմակերպվել էր «Ձեռնարկատիրական կրթություն»ծրագրի շրջանակներում:«Հայաստանի պատանեկան նվաճումներ»կազմակերպության կողմից իրականացվող այդ ծրագիրը ֆինանսավորվում է JHM բարեգործական և HSBC բանկի կողմից: Տոնավաճառին մասնակցեցին 18 աշակերտական գործարար ընկերություններ հանրապետության բոլոր մարզերից: Աշակերտների կողմից հիմնադրված այդ ընկերությունների գործունեությունը կազմում է «Ձեռնարկատիրական կրթություն»դասընթացի կարևորագույն բաղադրիչը, քանի որ հենց դրանց միջոցով են աշակերտները ձեռք բերում ոչ միայն կայուն և հարուստ տնտեսագիտական գիտելիքներ, այլ նաև կարևոր բիզնես հմտություններ: Այդ աշակերտական ընկերությունները բիզնես գործունեություն են իրականացրել ողջ ուստարվա ընթացքում՝ հնարավորություն տալով աշակերտներին կատարել պրակտիկ ձեռնարկատիրական գործողություններ. հիմնադրել բաժնետիրական ընկերություններ, նշանակել ընկերության կառավարիչներին, ընկերության կանոնադրական կապիտալը հավաքելու և գումար ձեռք բերելու նպատակով թողարկել և վաճառել ընկերության բաժնետոմսերը, վարել շուկայական հետազոտություններ, գրել և մշակելբիզնես պլան, կազմակերպելապրանքի կամ ծառայության արտադրությունը և ապա վերջում՝ զբաղվել դրանց վաճառքով և իրացումով: Վերոհիշյալ տոնավաճառի կազմակերպումն էլ հենց աշակերտներին հնարավորություն ընձեռեց իրենց ընկերությունների արտադրանքները ներկայացնել սպառողներին, և ցուցադրել այն գործարար – ձեռներեցական հմտությունները, որոնք ձեռք են բերել ուսումնառության ընթացքում: Հարուստ և բազմազան էր աշակերտների կողմից տոնավաճառին առաջարկված տեսականին` զարդեր, խոհանոցային և դպրոցական պարագաներ, խաղալիքներ, հուշանվերներ: Իսկ տոնավաճառից գոյացած դրամական միջոցների մի մասը աշակերտները ձեռնարկատիրական և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում ուղղելու են հանրային տարբեր ձեռնարկների իրականացմանը: Տոնավաճառի բարեհաջող ընթացքն ապահովելու գործում աշակերտներին մեծ աջակցություն ցուցաբերեցին HSBC բանկի կամավորները, ովքեր ծրագրում ընդգրկվել էին որպես բիզնես-խորհրդատուներ: Հենց տոնավաճառի սկզբից նրանք միացան աշակերտական խմբերին և օգնեցին ոչ միայն ձևավորել տաղավարները, այլ նաև մշակել ճիշտ մարկետինգային ռազմավարություն և սպառողներին պատշաճորեն ներկայացնել բիզնես –պլանը: Հաշվի առնելով Ձեռնարկատիրական կրթության կարևորությունը և արդիականությունը՝ 2017-2018 ուստարում՝ այն ներդրվեց դեռևս 2-րդ և 3-րդ դասարաններում՝ որպես ինտեգրված բաղադրիչ Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում: