Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին եւ զրկեց մրցանակային տեղից (տեսանյութ)
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարը, որտեղ հանդես են գալիս աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստները: Մրցումների առաջին օրը մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին կայծակնային շախմատում: Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը բավական վատ մեկնարկեց եւ առաջին երկու պարտիայում պարտվեց Հիկարու Նակամուրային ու Սերգեյ Կարյակինին: Երրորդ տուրում նա չնայած հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, սակայն հետագայում եւս երեք պարտություն կրեց եւ վաստակած 3 միավորով զբաղեցրեց նախավերջին 9-րդ տեղը: Միակ հուսադրող փաստն այն է, որ նա միակ պարտությունը հասցրեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին եւ վերջինիս զրկեց մրցանակային տեղից: Կայծակնային շախմատի մրցաշարում հաղթեց ամերիկացի Վեսլի Սոն, որը վաստակեց 6 միավոր: Նրանից կեսական միավորով հետ մնացին Հիկարու Նակամուրան ու Վիշվանաթան Անանդը: Վաղը կմեկնարկի հիմնական մրցաշարը: Առաջին տուրի զույգերը հայտնի կդառնան առավոտյան: