ՓՊ խորհուրդը որոշեց «չպատժել» փաստաբաններին
Փաստաբաններ Արայիկ Պապիկյանը, Նինա Կարապետյանցը եւ Տիգրան Հայրապետյանը չեն ենթարկվի կարգապահական պատասխանատվության: Նրանց պատասխանատվության ենթարկելու համար Փաստաբանների պալատ էր դիմել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ փաստաբանները միջնորդել էին հետաձգել նիստը, քանի որ 25 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ի վիճակի չէր եղել մասնակցել նիստին: Մինչդեռ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ցանկացել էր շարունակել դատական նիստը: Այդ ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը եւ Ներսես Պողոսյանը փորձել էին լքել նիստերի դահլիճը: Դատավորը ընդմիջել էր դատական նիստը, իսկ ընդմիջումից հետո փաստաբանները չէին մտել դահլիճ: Տաթեւիկ Գրիգորյանը սա դիտել էր որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Կարգապահականի նիստին փաստաբաններ Նինա Կարապետյանցը եւ Արայիկ Պապիկյանը միջնորդեցին ՓՊ խորհրդին թույլատրել տեսանկարահանում անցկացնել: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո խորհուրդը որոշեց թույլ տալ միայն ձայնագրություն կատարել՝ նշելով, որ դիմողի կարծիքը հայտնի չէ: Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ անձամբ դիմել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին ՝ նիստի ընթացքում տեսանկարահանման վերաբերյալ իր դիրքորոշումը ճշտելու հետ կապված. «Ինքը դատական նիստով հայտնեց, որ պարտավոր չէ ինձ պատասխանել: Ինքը չի հարգել ինձ, չի հարգել խորհրդին: Իր անհասկանալի, տարօրինակ վարքագիծը չի համապատասխանում այն բարձր կոչումին, որ ինքը զբաղեցնում է։ Նա նաեւ ապօրինի որոշում է կայացրել, որ հիմա քննում է խորհուրդը։ Քանի որ ինչ- որ անձի ցանկանությունը կամ կամակորությունը զրկեց բավարարված միջնորդություն ստանալու, ապա հայտարարում եմ, որ այս նիստին ես չեմ մասնակցի եւ կլքեմ»,- ասաց Արայիկ Պապիկյանը: Մինչ փաստաբանները կլքեին դահլիճը, «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսներ»-ի գործով փաստաբանը հիշեցրեց, որ իրենց նկատմամբ հետապնդումները՝ դատական սանկցիաների տեսքով սկսել են կիրառվել դեռ նախորդ տարվանից: Նինա Կարապետյանցն էլ ափսոսանք հայտնեց, որ խորհրդի անդամները տեղյակ չեն փաստաբանների նկատմամբ տեւական ժամանակ կատարվող հետապնդումների մասին. «Ողջ միջազգային հանրությունը արձագանքեց փաստաբանների սանկցիաների հետ կապված հետապնդումներին: Փաստաբաններին միանշանակ հետապնդում էին, այլ նպատակ չէր կարող լինել»: Նա նաեւ ավելացրեց, որ տեսանկարահանում թույլ չտալով ՝ ՓՊ խորհուրդը պաշտպանում է դիմող կողմին եւ ոտնահարում պատասխանողի իրավունքները: Փաստաբանները լքեցին դահլիճը, իսկ խորհուրդը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո որոշեց կարճել Արայիկ Պապիկյանի, Նինա Կարապետյանցի եւ Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը: