Անգլիայի ֆուտբոլի չեմպիոն 17 տարեկանում
«Մանչեսթեր Սիթիի» 17-ամյա կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը թվով 86-րդ անգլիացի ֆուտբոլիստն է, որը իր թիմի կազմում հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է Daily Mail օրաթերթը:
Պարզվում է, որ 1992 թվականից սկսած, երբ անցկացվել է Պրեմիեր լիգայի անդրանիկ առաջնությունը, չեմպիոնի կոչման արժանացել են 47 երկրների 259 ֆուտբոլիստ: Անգլիացիներից հետո աշխարհի ուժեղագույն առաջնությունում հաճախակի հաղթող են դարձել ֆրանսիացիները՝ 27 խաղացող:
Ըստ երկրների այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (16 չեմպիոն), Իսպանիան (14), Հոլանդիան (12), Արգենտինան (9), Պորտուգալիան (8), Բելգիան, Գերմանիան եւ Սերբիան (6-ական): Այս վիճակագրության մեջ ուշագրավն այն է, որ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ընդամենը մեկ իտալացի ֆուտբոլիստ է չեմպիոն դարձել: Խոսքը վերաբերում է Մարիո Բալոտելիին, որը, ինչպես հայտնի է, աֆրիկյան արմատներ ունի, պարզապես որդեգրվել է իտալական ընտանիքի կողմից:
