Ակցիա՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանից քաղաքացիները պահանջում են արդարադատություն։ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով՝ արդարացման պահանջով վերաքննիչ բողոքները կլսվեն մայիսի 30-ին: Բայց Վերաքննիչ դատարանն արդեն բողոքները վարույթ ընդունելիս որոշել է մերժել կալանքը վերացնելու միջնորդությունները: Ներսես Պողոսյանի կինը համոզված է, որ դատավորները գործի նյութերին չեն ծանոթացել: «Հեղափոխությունը չի հասել դատարաններ, դատախազություն»: Գործով անցնող Ներսես Պողոսյանի կինը հույս չի կորցնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը դրական է ազդելու դատական համակարգի վրա։ «Դատավորներն այնքան են սովորել հրահանգով աշխատելու, որ սպասում են ինչ- որ մեկն իրենց ասի կամ զանգի»: Ակցիայի մասնակից Հովսեփ Մանուկյանը երեք օր առաջ է եկել Բարսելոնայից: 13 տարի Հայաստանում չի եղել: Ժիրայր Սեֆիլյանի մասին հուզմունքով է խոսում, մարտի դաշտում են ծանոթացել: Հովսեփ Մանուկյանն այստեղ է իր 2 ընկերների հետ, ուրբաթ օրը մեկնելու է, բայց հեռվից էլ կկրկնի պահանջը։ «Բոլոր քաղբանտարկյալների գործերի վերանայում եւ ազատ դատավարություն: Թող լինի ստորագրությամբ ազատ արձակում, հետո լինի դատավարություն»: Նշենք, որ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսվելու է Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մյուս դատավորներն են՝ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը: