Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոսրով Հարությունյանին հուսադրում են Նիկոլ Փաշինյանի նշանակումները (տեսանյութ)

Քաղաքականություն
xosrov-1

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը դեռ չի շտապում գնահատականներ տալ, սակայն ընդհանուր առմամբ գոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից. «ՊՆ, Ֆիննախ, փոխվարչապետ, որը պատասխանատու պետք է լինի տնտեսական քաղաքականության համար, այդ թվում՝ արտաքին տնտեսական քաղաքականություն, էկոնոմիկա, ԱԳՆ, այս նշանակումների արդյունքում ես կարող եմ ասել, որ այդ պաշտոններում հայտնվեցին պրոֆեսիոնալներ, որոնք այս պահին հուսադրող են: Ինչպիսին կլինի հետագան, ժամանակը ցույց կտա: Ի վերջո, կարեւորը այն քաղաքականությունն է, որ ծնվում է վարչապետից կամ նրա քաղաքական թիմից»:  Նախկին վարչապետը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ հիմքեր ունի ենթադրելու, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Կառավարության ծրագիրն արմատապես չի տարբերվելու արդեն իսկ հաստատված ծրագրից: Այդ պատճառով չի բացառվում, որ կողմ քվեարկի. «Եթե դուք փորձեք վերլուծել Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում մայիսի 8-ի ծրագրային ելույթը, նա արձանագրեց, որ թե ներքին, թե արտաքին, թե անվտանգության ոլորտում հիմնականում գերակայությունները համընկնում են: Այս կառավարության գործիքակազմը կարող է փոփոխվել, սակայն գերակայությունները կմնան անփոփոխ: Ով էլ լինի Կառավարությունում, նա պետք է անի այն, ինչ իրողություններն են պահանջում»: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Սոչի մեկնած Նիկոլ Փաշինյանին տեղի հայ համայնքը մեծ ցնծությամբ է ընդունել: ՀՀ դեռ ոչ մի ղեկավար նման ընդունելության չէր արժանացել: Արդյոք դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ ԵՏՄ շրջանակներում մեր նպաստավոր դիրքերի համար՝ հաշվի առնելով այն, որ մասնագիտական շրջանակները Սերժ Սարգսյանի՝ ոչ լեգիտիմ լինելն են միշտ մատնանշել՝ որպես մեր ձախողումների պատճառ. «Եվրոպական որեւէ պետություն պակաս լեգիտիմ չէ, քան ՀՀ իշխանությունները, սակայն նրանք ԱՄՆ պարտադրանքով, երբեմն իրենց կամքին հակառակ, իրենց շահերին դեմ սանկցիաներ են կիրառում ՌԴ դեմ: Խոշոր խաղացողների համար լեգիտիմությունը չափանիշ չէ: Նրանք բացառապես առաջնորդվում են սեփական շահերով ու սա օբյեկտիվ իրականությունն է մեր քացղաքականության մեջ, որի հետ չենք կարող հաշվի չնստել»:   Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ օրը՝ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսուհետև պաշտոնական Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին ներկայացնելու է միայն Հայաստանի տեսակետը, խոսելու է միայն Հայաստանի անունից. «Ես չեմ հիշում մի դեպք, երբ սեղանի շուրջ բանակցային նստած լինեն ՀՀ, Արցախի ու Ադրբեջանի նախագահները եւ Մինսկի համանախագահները: 1994թ. սկսած նման հանդիպում ես չեմ հիշում, փոխարենը տեղի էր ունենում հետեւյալը՝ ձեւավորվում էր մի առաջարկ, որը համաձայնեցվում էր եռակողմ: Այսինքն ԼՂ հակամարտության կողմ լինելու հանգամանքը այդպես էր իրականություն դարձվում»:  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են։