«Բանակում հանցագործություն կատարողները նույնպես զոհեր են» (տեսանյութ)
Քրեական օրենսգրքում ցմահ ազատազրկման շեմը պետք է սահմանվի 21 տարեկանը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշում է՝ աշխատանքային խումը նախնական տարբերակում նշել էր 21 տարեկանը, սակայն վերջնական տարբերակում նորից վերադարձ է կատարվել 18 տարեկանին: «Մեր հերթական առաջարկը վերադառնալ 21 տարեկանին Արդարադատության նախարարությունը մերժել է՝ ասելով, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք: Ինձ համար լրիվ անհասնակալի է սա: Մենք՝ իրավապաշտպան կազմակերպություններս, միշտ պայքարում ենք բանակում հանցագործությունների դեմ, բայց հաշվի առնենք մի բան, որ բանակում հանցագործություն կատարողները նույնպես զոհեր են: Անչափահաս մարդիկ են եւ նրանց հետ այդպես դաժան չի կարելի վարվել»,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Պարոն Իշխանյանն այսօր մասնակցում էր Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը: Ավետիք Իշխանյանի մյուս մտագոհությունը Քրեական օրենսգրքում ահաբեկչությունը արդարացնելը կամ քարոզելը քրեականացնելու նախագիծն է: Նա հարց է բարձրացնում՝ դա ինչպես կարող է կիրառվել ոչ իրավական պետությունում. «Ենթադրենք մեկն ասում է, որ Դրաստամատ Կանայանը մեծ զորավար է: Հիշենք, որ նա Նակաշիձեի նկատմամբ ահաբեկչություն է իրականացրել: Թեհլերյանը հայոց մեծերից է, նրա նկատմամբ պատիժ պետք է կիրառվի՞: Այդ հոդվածը կարող է շատ կամայական ձեւով կիրառվել»,-ասում է Ավետիք Իշխանյանը: Հոդվածի համաձայն՝ ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հրապարակային կոչերը, ինչպես նաև հրապարակայնորեն ահաբեկչությունն արդարացնելը կամ քարոզելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: