Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խախտումներ-«Վարդաշեն»-ՔԿՀ-ում
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրել է խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2024 թվականի հոկտեմբերին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:

Այսպես.

• քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում պահպանված չի եղել ազատությունից զրկված անձանց հատկացվող նվազագույն բնակելի տարածության չափը, օրինակ՝ 25 քմ մակերես ունեցող խցում (ներառյալ՝ սանհանգույցը) պահվել է ազատությունից զրկված 8 անձ,

• արձանագրվել են պահման անբավարար պայմաններ, որոշ խցեր կահավորած չեն եղել օրենսդրությամբ նախատեսված և անձի պատշաճ, արժանապատիվ կենցաղավարումը կազմակերպելու համար անհրաժեշտ գույքով, օրինակ՝ նստարաններով և սեղաններով,

• մասնաշենքերում բացակայել են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը, ինչը կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,

• որոշ խցերում դատապարտյալները և կալանավորված անձինք պահվել են միասին, չի պահպանվել դատապարտյալներին և կալանավորված անձանց անջատ պահելու օրենսդրական պահանջը,

• ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին կամ անջատ պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ (ընդհուպ մի քանի տարի) պահվել են մեկուսի,

• արձանագրվել են շտապ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրներ. քրեակատարողական հիմնարկում կանչ գրանցելու դեպքում շտապ բժշկական օգնության ծառայությունը բնակելի գոտի մուտք չի գործում, ինչի արդյունքում ազատությունից զրկված անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում այլ անձինք (ընդհուպ գիշերային քնի հաշվին), առանց բավարար բժշկական գիտելիքների և պատրաստվածության, պատգարակի միջոցով վերջինիս իջեցնում են հաշվառման բաժանմունքում առանձնացված սենյակ,

• արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է քրեակատարողական հաշվառման կետի «բոքսերում», որը բժշկական զննության համար նախատեսված, բավարար կահավորված չէ: Ավելին, նշված խցում եղել է միայն պատին ամրացված նեղ, երկար, երկաթե նստարան, որը չի կարող ծառայել որպես բժշկական թախտ,

• քրեակատարողական հիմնարկ միաժամանակ ընդունվող մեկից ավելի ազատությունից զրկված անձանց բժշկական զննությունն իրականացվել է միաժամանակ,

• նախնական բժշկական զննություն իրականացվել է միայն, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,

• նախնական բժշկական զննության մատյանը լրացվել է ջնջումներով, ուղղումներով ու բացթողումներով,

• արձանագրվել են դեղորայքի պատշաճ պահպանման հետ կապված խնդիրներ, հայտնաբերվել են ժամկետանց դեղորայք և բժշկական պարագաներ,

• քրեակատարողական հիմնարկի ոչ բժշկական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բուժման կազմակերպման ընթացքին՝ հասանելիություն ունենալով անձանց բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններին,

• արձանագրվել են ազատությունից զրկված անձանց աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս աշխատանքային պայմանագրերը չեն ներառել հաստիքները և աշխատանքային պարտականությունների շրջանակը, ինչը կարող է հանգեցնել ազատությունից զրկված անձանց միջև աշխատանքի անհավասար բաշխման և տարբերակված վերաբերմունքի,

• որոշ դեպքերում աշխատանքային ծանաբեռնվածությամբ պայմանավորված՝ ազատությունից զրկված անձինք, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի խախտմամբ, կատարել են արտաժամյա աշխատանքներ,

• ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական ծառայողները որոշ դեպքերում աջակցում են հիմնարկի ներսում կատարված իրավախախտումների, այդ թվում՝ հանցագործությունների դեպքերը թաքցնելուն, մասնավորապես, հորդորում և համոզում են ազատությունից զրկված անձանց չբարձրաձայնել ներհիմնարկային հարաբերություններին առնչվող դեպքերի վերաբերյալ, իսկ որոշ դեպքերում՝ ազատությունից զրկված անձանց՝ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները պարզապես չեն հասցեագրվում իրավասու մարմիններին,

• ստացված տեղեկությունների համաձայն` ազատությունից զրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումներ դրսևորելու դեպքերում կիրառվում է օրենքով չնախատեսված տույժի միջոց, մասնավորապես, վերջիններս որպես պատիժ գիշերային ժամերին տեղափոխվում են հաշվառման բաժանմունքում առանձնացված խցեր (бокс), որոնք առհասարակ կահավորված չեն եղել գույքով, ինչի պարագայում անձինք քնել են բետոնե հատակին,

• տույժի միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները չեն եղել պատշաճ պատճառաբանված, բացակայել են նշանակվող տույժի ժամանակահատվածի վերաբերյալ հիմնավորումները, ինչը կարող է հանգեցնել համանման արարքների նկատմամբ տարբերակված մոտեցման,

• ստացված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված վերաբերմունք. մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց ընդհանուր քանակակազմից առանձնացվել են որոշակի կատեգորիայի անձինք, որոնց նկատմամբ դրսևորվել է խտրական մոտեցում ինչպես վերաբերմունքի, այնպես էլ իրավունքների իրացման ապահովման տեսանկյունից, այդ թվում՝ արգելված է եղել օգտվել ընդհանուր խմբաքանակի օգտագործման համար նախատեսված գույքից, մարզասրահից, դասասենյակներից, տեսակցության սենյակներից,

• արձանագրվել են խնդիրներ նաև զբոսանքի ապահովման հետ կապված. մասնավորապես, զբոսախցերը տեղակայված են եղել հիմնարկի տանիքում և երկրորդ հարկում, ինչը դրանց հասանելիության հետ կապված անհաղթահարելի դժվարություններ է առաջացրել տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց համար,

• բացակայել են զբոսաբակերում մարմնամարզության պարագաներն ու սարքավորումները,

• արձանագրվել է, որ քրեակատարողական հիմնարկում առկա միակ մարզադահլիճ նախատեսված է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար, իսկ մյուս ազատությունից զրկված անձինք զրկված են եղել դրանից օգտվելու հնարավորությունից,

• արձանագրվել են բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների աշխատանքային հարաբերությունների և պայմանների հետ կապված խնդիրներ:

Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուրաբաշեն» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին: