Սպիտակ տունը հրապարակել է արհեստական բանականության օգտագործման և զարգացման նոր ուղեցույց
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի Ձայն
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կանոններն ուղղված են Միացյալ Նահանգների անվտանգության և տնտեսական հզորության ամրապնդմանը։
ԱՄՆ ն ախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի օրը հրապարակել է արհեստական բանականության (AI) օգտագործման և զարգացման նորացված կանոններ՝ ԱՄՆ անվտանգության և տնտեսական հզորության ամրապնդման համար:
Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան հրապարակած հայտարարության մեջ։
Նոր ուղեցույցը պարզեցնում է արտոնագրման խոչընդոտները խոշոր և փոքր չիպերի պատվերների համար, ամրապնդում է ԱՄՆ-ի առաջատարությունը արհեստականբանականության ոլորտում և լրացուցիչ տեղեկություն է տալիս այն մասին, թե ոլորտում առաջադեմ հետազոտություններն ինչպես է առաջ մղելու Վաշինգտոնի դաշնակիցների և գործընկերների շահերը: Ի լրումն չիպերի վրա արդեն իսկ գործող հսկողության, նոր կանոնները կսահմանափակեն մաքսանենգությունը դաշտում և կբարձրացնեն արհեստական բանականության օգտագործման անվտանգության չափանիշները:
Զեկույցում ընդգծվում է, որ ԱՄՆ 18 հիմնական դաշնակիցների և գործընկերների համար չիպերի վաճառքի սահմանափակումներ չեն լինելու։
Մինչև մոտ 1,700 գրաֆիկական մշակման միավոր (GPU) կոլեկտիվ հաշվողական հզորություն ունեցող չիպերի պատվերները լիցենզիա չեն պահանջելու և ենթակա չեն լինելու տվյալ երկիր արտահանվող հաշվողական ընդհանուր հզորության նկատմամբ սահմանվող սահմանափակումներին:
Կազմակերպությունները, որոնք համապատասխանում են նույն անվտանգության պահանջներին և գտնվում են ցանկացած երկրում, որը խնդրահարույց, մտահոգություն առաջացնող երկրներից չէ, կարող են դիմել «վավերացված վերջնական օգտագործող» (VEU) դառնալու համար: Սա նրանց իրավունք կտա երկու տարվա ընթացքում ձեռք բերել 320,000 GPU-ին համարժեք հաշվողական հզորություն:
Ոչ VEU հանդիսացող կազմակերպությունները, որոնք չեն գործում մերձավոր դաշնակիցների տարածքում, դեռ կարող են ձեռք բերել մեծ քանակությամբ հաշվողական հզորություն:
Այն երկրները, որոնց կառավարությունները ստորագրել են համաձայնագրեր, որոնք նպաստում են ոլորտին վերաբերող միջազգային էկոհամակարգի ձևավորմանը՝ արհեստական բաբնականության զարգացմանը, ներդրմանն ու օգտագործմանն ուղղված ընդհանուր արժեքներով, կարող են կրկնապատկել իրենց սահմանաչափը չիպերի ձեռք բերման առումով:
Միաժամանակ, լուրջ քայլեր են ձեռնարկվելու, այսպես կոչված, մտահոգություն առաջացնող երկրների դեմ։ Միացյալ Նահանգները կշարունակի ջանքեր գործադրել, որ արտասահմանում վաճառվող առաջադեմ կիսահաղորդիչները չօգտագործվեն մտահոգություն առաջացնող երկրների կողմից՝ զարգացած արհեստական բանականության համակարգեր մշակելու համար: