Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողների առաջ դռները փակվում են, հետո կասեն ինֆորմացիան հավաստի չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
hodvac-3

Լրագրողական համայնքը պառակտված է և հենց միասնական պայքարի բացակայությունն էլ հանգեցնում է նրան, որ տարեց տարի լրագրողի գործունեությունը սահմանափակվում է։ Այսօր «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր  խմբագիր Արմինե Օհանյանը։ Հիշեցնենք, որ համաձայն Կառավարության որոշման, Կառավարության նիստերը անցկացվելու են դռնփակ, նիստերի արձանագրությունները չեն հրապարակվելու, նիստերին մասնակցած նախարարները իրավունք չեն ունենալու տեղեկատվություն հրապարակել որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Այս սահմանափակումները կարող են մասամբ վերացվել վարչապետի թույլտվությամբ միայն։ Արմինե Օհանյանը հիշեցնում է, որ 90-ական թվականներին լրագրողը ազատ ելումուտ ուներ քաղաքապետարան, անգամ կարող էր ազատորեն հարցազրույց վերցնել քաղաքապետից, եթե վերջինիս հարմար կլիներ։ «Մամուլի խոսնակներն, օրինակ, առաջ կարող էին լրագրողի հետ բանավոր զրուցել, հիմա գրեթե բացառապես գրավոր հարցումներ են պահանջում, ինչը բարդացնում է մեր աշխատանքը։ Երբ դիմում ես քրեակատարողական հիմնարկ՝ բանտարկյալի հետ խոսելու ցանկություն հայտնելով, ցինիկ պատասխան են տալիս, թե զբաղվածության պատճառով չենք կարող թույլ տալ, որ Ձեր լրագրողը մտնի քրեակատարողական հիմնարկ։ Մենք կարող ենք դատարաններ դիմել, բողոքել մեր աշխատանքը խոչընդոտելու համար, սակայն դա չափազանց ժամանակատար է։ Մենք ոչ այդքան ժամանակ ունենք, ոչ էլ ռեսուրս։ Դատական քաշքշուկներից չեմ կարծում, թե շահող դուրս կգանք»,-նշեց Արմինե Օհանյանը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեցրեց 2015 թվականի ընդունված «Գնումների մասին օրենքի» փոփոխությունները, ըստ որի՝ երկրի առաջին երեք դեմքերի գնումները դասվեցին պետական գաղտնիքի շարքում։ «Խախտվում է տեղեկատվության ազատությունը, որը լուրջ խոչընդոտ է։ Դժվար է կոռուպցիայի դեմ պայքարը ապահովել առանց գլխավոր դեմքերի ծախսերի մասին տեղեկության։ Իշխանությունները որդեգրել են փակ աշխատանք․ լրագրողների առաջ դռները փակվում են, ու սա հետո հնարավորություն կտա իշխանություններին ասելու, որ լրագրողների կողմից տրված ինֆորմացիան հավաստի չէ։ Ցավոք, լրագրողական հանրությունում մարդիկ ոչ միայն չեն դատապարտում նման որոշումները, այլ դրական են վերաբերվում»,- ընդգծեց իրավապաշտպանը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանի պնդմամբ՝ նախկինում լրագրողին ճնշում էին բիրտ ուժ գործադրելով, ծեծելով, իսկ հիմա մեթոդը փոխվել է։  «Բիրտ ուժին փոխարինել է   ավելի քաղաքակիրթ, ժողովրդավար մոտեցումը, որն իրականում ավելի վատ է։ Քանի որ, եթե ինչ֊որ մեկը ծեծվում է, դա կարող է մասնագիտական ընդվզում առաջացնել, լրագրողի թասիբին կպնել, իսկ այս ճանապարհով շատերն անգամ շնորհակալ են, քանի որ շատ լրատվամիջոցներ առանձնապես չեն էլ ուզում աշխատել»,- նշեց Աննա Հակոբյանը։ Ըստ բանախոսների՝ պետք է համախմբվել լրագրողական համայնքով, քննարկումներ կազմակերպել խմբագիրներով, միջոցներ գտնել պայքարելու համար, այլապես օր- օրի   սահմանափակվում են լրագրողների աշխատանքը և ազատ ինֆորմացիա ստանալը դառնում է անհասանելի։