«Փաստաբանների պալատը իշխանությունների ձեռքին դարձել է բութ գործիք» (տեսանյութ)
Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով պաշտպանները բողոքում են Փաստաբանների պալատի պատժիչ քաղաքականությունից։ «Քաղաքական իշխանության կողմից է գալիս: Նրանց նկատմամբ քարոզչությունը եւ քաղաքականությունը իրականացվում է հատուկ ծառայությունների կողմից, փաստաբանական էթիկայի շրջանակներում, Փաստաբանների պալատի կողմից»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը: Վերջին շրջանում Փաստաբանների պալատի կողմից կիրառվող կարգապահական վարույթներից հետո փաստաբանը եկել է եզրահանգման, որ կառույցը չի ծառայում իր նպատակին. «Փաստաբանների պալատը իշխանությունների ձեռքին դարձել է բութ գործիք՝ փաստաբանների անկախության դեմ: Փաստաբանների պալատը վաղուց վերացվել է փաստաբանության մինիստրության»,- ասում է Վահե Գրիգորյանը: Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համամիտ չէ այս որակումների հետ. «Դա բացահայտ սուտ է: Ես ընտրվել եմ փաստաբանների կողմից եւ հաշվետու եմ փաստաբաններին»: «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների եւ իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները եւ համագործակության հնարավորությունները համաժողովի ժամանակ փաստաբանների պալատի նախագահը անդրադառնում է քննադատություններին։ «Փաստաբանների խորհուրդը որոշում է կայացրել, որ փաստաբանը իրավունք չունի լքելու նիստերի դահլիճը առանց դատավորի թույլտվության: Մենք դեպքեր ենք ունենում, երբ փաստաբանները ուղղակի լքում են նիստերի դահլիճը: դատարանը կիրառում է սանկցիա եւ ուղարկում է Փաստաբանների պալատի խորհրդին, պալատի խորհուրդը նշել է, որ որպես կանոն փաստաբանը պետք է մնա դահլիճում» Հանրային հնչեղությամբ գործերով պաշտպանություն իրականացնող Տիգրան Եգորյանն էլ հակադարձում է՝ Փաստաբանների խորհրդի անդամների մի մասը հանդիսանում է վարչական ծառայող եւ պալատի նախագահի ուղիղ ենթական. «Կամ նրանից ֆինանսական կախվածության մեջ գտնվող անձ: Ինչը բացառում է անկախ որոշումների կայացմանը»: Փաստաբանները որպես լուծում տեսնում են այլ պալատների ստեղծումը «Մրցակցությունը հնարավորություն է տալու գործադիր իշխանությանը, քաղաքական ճնշումից ավելի շատ խուսանավել, մրցակցության պայմաններում բարձրացնել ծառայությունների որակը»: Ըստ նրանց՝ փաստաբանները որեւէ պալատի անդամ պետք է լինեն եւ պալատից դուրս չեն կարող գործել: Ի դեպ, Վահե Գրիգորյանը գիտի, ինչու է վերջին շրջանում ավելացել փաստաբանների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները: « Իրականում Հայաստանի հասարակությունը շատ ծանր է հատուցելու քաղաքական ընդդիմության կորուստի համար: Լրագրողները եւ փաստաբանները առաջին թիրախային խմբերն են, որոնց անցնում է ամբողջատիրական տենդենցներ դրսեւորղ ցանկացած քաղաքական ուժ: Միայն քաղաքական ընդդիմությունն է, որը բուֆերային տարածքն է, որը հաջորդում է երկու թիրախային խմբերի համար ապրելու թթվածինը»: Իսկ քանի որ, ըստ փաստաբանի, չկա ընդդիմություն՝ սլաքներն ուղղվում են այս ուղղությամբ: