Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ի՞նչ եք փոխելու ձեր ընտրությունից հետո, եթե ոչ մի բանից տեղյակ չեք»

Քաղաքականություն
Untitled4-8

Դատական բարձրագույն խորհրդի` իշխանական կոալիցիայի 4-րդ թեկնածուն Հայկ Հովհաննիսյանն է։ ԱԺ-ում այսօր Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցը նրան ուղղված կրկին երկրում առկա քաղբանտարկյալների մասին էր, որին ի պատասխան Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ չի կարող պատասխանել։ Նրա` այդ պատասխանը բավարարեց Արարատի Միրզոյանին։ «Դա իմ պատասխանի ձեր ընկալումն է, քանի որ այս պահին կան կամ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ, կամ դատաքննություն է ընթանում։ Դատական բարձրագույն խորհրդի անդամը, եթե հիմա որեւէ կարծիք հայտնի այդ մասին, ապա հետագայում, երբ կարգապահական որեւէ վարույթ լինի, ես ինչպես կարող եմ անկաշկանդ լինել»,- հայտարարեց Հայկ Հովհաննիսյանը։ Իսկ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ նա ԱԺ-ում հնչած որեւէ հարցի չի կարողանալու պատասխանել «Իսկ այս հարցուպատասխանն իրականացնում ենք` ԱԺ Կանոնակարգը պահպանելու համար»։ «Ամեն ինչ կախված է հարցի որակից ու բովանդակությունից։ Ձեր հարցերին, այո, հրաժարվում պատասխանել` ձեր իսկ պատճառաբանությամբ»,-արձագանքեց Հայկ Հովհաննիսյանը։ «Դուք կարծո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին պատմությունը կհիշի ճաճանչափա՞յլ, թե լուսաճաճանչափայլ լուսապսակով»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքական, թե իրավական գնահատական եք ակնկալո՞ւմ»,- հետաքրքրվեց Հայկ Հովհաննիսյանը։ «Կարծում եմ` պատասխան չի ակնակալվում»,- միանգամից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Դատական բարձրագույն խորհրդի` իշխանական կոալիցիայի 5-րդ թեկնածուն Սերգեյ Մեղրյանն է։ Նրան ներկայացնելիս ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ժպիտով իր խոսքում նշեց. «Ես ու Նիկոլ Փաշինյանն այսօր ռեկորդ ենք խփում` երկուսս էլ նույն պարբերությունը հինգերորդ անգամ կրկնելու ենք. ես` թեկնածուների ներկայացման, դուք` ձեր հարցադրումը կրկնելու առումով»: Նիկոլ Փաշինյանն այս անգամ Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր հարցը ուղղեց Վահրամ Բաղդասարյանին. «Դուք ներկա եք եղել այդ նիստին, դուք լո՞ւրջ եք վերաբերվում նրա այն խոսքին, որ պաշտոնապես է հայտարարում»: «Պարոն Փաշինյան, այստեղ էլ առաջ անցաք` ռեկորդը ձերն է` վեցերորդ անգամ կրկնեցիք ձեր հարցը։ Բնականաբար, ես լուրջ եմ վերաբերվում Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր հայտարարությանը, սակայն պետք է իմանաք, որ մենք հավակնություններով չենք առաջնորդվում։ Մենք ենք նպատակահարմար գտնում, թե ով պետք է լինի վարչապետի պաշտոնում, քանի ու մենք են ստանձնել ՀՀ իշխանությունը։ Նա շարքային կուսակցական է ու պարտավոր է ենթարկվելու քաղաքական ուժի որոշումներին»,- արձագանքեց Վահրամ Բաղդասարյանը։ «Փաստորեն, մենք պետք է տեղեկանք վերցնենք Սերժ Սարգսյանից, թե նա համաձայնեցրե՞լ է իր այդ հայտարարությունը կուսակցության հետ, թե ոչ»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Վահրամ Բաղդասարյանն ասաց ի պատասխան. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ազատ է իր դիրքորոշումների մեջ, սակայն կուսակցության յուրաքանչյուր պաըկեշտ անդամ պետք է ենթարկվի իր քաղաքական ուժի որոշումներին»: Իսկ արդեն Սերգեյ Մեղրյանին հարց ուղղելով` Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Ի՞նչ եք փոխելու ձեր ընտրությունից հետո, եթե ոչ մի բանից տեղյակ չեք։ Ինչպե՞ս եք համոզելու, որ անկախ վարքագիծ եք ունենալու։ Ինչո՞վ են ձեր մոտեցումներն ու բառերը տարբերվելու հազարավոր իրավաբաններից»: «Իմ ամբողջ կենսագրության ընթացքում փորձել եմ հնարավորինս անկախ լինել բոլորից, այդ թվում` իմ անմիջական ղեկավարությունից։ Երեւի դա է եղել պատճառը, որ զբաղվել եմ գիտամանկավարժական գործունեությամբ»,- վստահեցրեց Սերգեյ Մեղրյանը։ «Եթե նույնիսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանին կանգնեցնենք այդ ամբիոնին, նա էլ կասի, որ հնարավորինս փորձել է անկախ լինել։ Ես չեմ ուզում անձնավորել, սակայն ո՞րն է ձեր տարբերությունը, եթե շատ գործընթացներ ձեզնից անկախ են լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ «"Եթե պարզվի, որ մեզնից կախված չէ, այլ տարաբնույթ ուժերից, ապա ժամանակը կգա ու համարժեք վարքագիծ կերդսեւորվի»,- վստահեցրեց Սերգեյ Մեղրյանը։