Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աերոֆլոտ Օփեն». Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Սպորտ
a1chess-aeroflot-1

Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ Օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները: Առաջատարների խմբում գտնվող մեր շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանն այս անգամ ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւկու հետ: Նա վաստակել է 4 միավոր եւ այժմ բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է ռուսաստանցի 20-ամյա գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմյեւը, որը երկու անընդմեջ հաղթանակ տարավ եւ կես միավորով առաջ անցավ նախկին առաջատարներից՝ Տիգրան Լ. Պետրոսյանից ու մոլդովացի Վիկտոր Բոլոգանից:     Վերջին երկու տուրերն հաղթական էին նաեւ մեր գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի համար: Հայաստանի հավաքականի անդամը իրար հետեւից պարտության մատնեց հնդիկ Նարայանանին ու ուզբեկստանցի Նադիրբեկ Աբդուսատորովին, վաստակեց 3,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատար քառյակին: Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել ոչ-ոքիների սինդրոմից: 18-ամյա շախմատիստն այս տուրում հաշտություն կնքեց կանանց միջազգային գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ: Նա 2,5 միավորով առայժմ զբաղեցնում է 44-րդ տեղը: Այսօր կայանալիք 6-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սպիտակներով կհանդիպի ռուսաստանցի Իգոր Լիսիի հետ: Գաբրիել Սարգսյանը սեւերով կմրցի Վիկտոր բոլոգանի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կխաղա ռուսաստանցի Դանիլ Ջուֆայի հետ: Այս տուրում տեղի կունենա Մանուէլ Պետրոսյան – Արման Միքայելյան հայկական դերբի: