Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատակեր պաշտոնյային խոզի դիմակով, անօրեն իշխանավորին` ավանակի դիմակով» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
narin

Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Բուն Բարեկենդանի տոնին, նշեց, որ Մեծ Պահքին նախորդող կիրակին է այդպես կոչվում ու Պայքի ոսկե շղթայի սկիզբն է. «Տոնը նաեւ այն մասին է, թե ինչպես էին մեր նախամայրն ու նախահայրը վայելում դրախտում Աստծո ներկայությունը։ Այս տոնի մեջ կա հիշեցում առաջին պահքի մասին, որ Աստված Եւային ու Ադամին ասաց` ամեն ծառի պտղից կարող են օգտվել, բացի բարու-չարի ծառից։ Սակայն Ադամն ու Եվան կերան այդ ծառի պտղից ու արդյունքում կորցրին անմահությունն ու արտաքսվեցին դրախտից։ Փակ վարագույրով ենք սկսում պահքը, միայն Լուսավորչի տոնին է այն բացվում, սակայն Ավետարանն էլ չի համբուրվում ու վեր բարձրացվում։ Դա նշանն է նրա, որ մենք կորցրինք մեր բարեշնորհությունը։ Պահքի կիրակիները 7-ն են, որոնք ունեն իրենց անունները, առաջին Բուն Բարեկենդանն է։ Այս օրը կազմակերպում ենք ժողովրդական խաղեր ու ավանդույթներ։ Երթ ենք անելու սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Ազատության հրապարակ, որի ընթացքում անակնկալներ են սպասվում։ Սրանով մենք մեր զգայինն ենք շեշտում, քրիստոնեականը, եւ ոչ ասում, ասենք` հելոինին։ Պահքի շրջանը կոչվում է նաեւ սգի շրջան` քո անձնական մեղքերի քավման ժամանակաշրջան»։ Բանախոսներից «Ոստան» ավանդական երգի, պարի համույթի ղեկավար Գայանե Աբելյան-Բադալյանն իր հերթին նշեց, որ իրենք ամեն ինչ անում են վերականգնելու ու միայն մեր ավանդույթները, այլեւ ծեսերն ու տոները. «Բարեկենդանը սկսել է Սուրբ Սարգսից մինչեւ Պահք ընկած ժամանակահատվածում։ Այս տոնը հիմնականում եղել է բողոքական տոն` բաղկացած փոքր թատերական ներկայացումներից, որ անվերջ խաղացել են հրապարակներում, բանկերում։ Ներկայացումների ժամանակ պատկերել են իրենց կյանքի սոցիալական անհավասարությունները։ Օրինակ` ներկայացվել է սուտ ամուսնություն, որ իրենց ծնողներն, առանց զույգերի շփման, միմյանց ճանաչելու, ամուսնացրել են։ Ներկայացումները լինում էին դիմակներով. օրինակ` շատակեր պաշտոնյային խոզի դիմակով են պատկերել, անօրեն իշխանավորին` ավանակի դիմակով։ Բարեկենդանին շատ են կերել կաթնային, յուղային կերակուրներ, այդ օրը շատ են աշխատել, որ հաջորդ օրն անցնեն Պահքի։ 1915թ. Տոնի նշումն ավարտվել է` մեր ժողովուրդն էլ չի ուրախացել։ Ի դեպ, Բարեկենդանին շատ ձվածեղ են կերել` ասելով` «սրանով փակում ենք մեր բերանը 50 օր, իսկ ներկած, եփած ձվով կբացենք»։ Գայանե Աբելյան-Բադալյանի խոսքով` մենք տխուր, դժբախտ ազգ չենք եղել, ուղղակի մենք մեր անցյալն ու արմատները պետք է իմանանք. «Բարեկենդանը նաեւ ասում են արձկման օրեր. եթե մինչ այդ օրը հարսը զուսպ է եղել, այդ օրը սկսում է նմանակել սկեսուրին, ծառաներն իրենց տերերին չեն ենթարկվում։ Սակայն ամեն ինչ զսպվածության մեջ է եղել, կատակի մեջ է եղել, այլ ոչ թե սանձարձակ, վիրավորելու ձեւով։ Նշանաբանը Բարեկենդանի եղել է` «խելքներս գլխներիցս տարել են»։ Բանախոսները չբացառեցին, որ պահքը մեը օրերին դիետայի է վերածվել։ «Սատանան էլ ոչ ուտում, ոչ խմում է, սակայն միայն մեղքեր է անում։ Դրա համար ամեն ինչ պետք է համընթաց արվի` ուտելն ու հոգեւոր ինքնամաքրումը»,- նշեց Տ. Զարեհ քահանա Աշուրյանը։