Լեւոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշով
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, այսօր հրապարակել է փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակները: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակը վստահորեն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը վաստակել է 2843 վարկանիշային միավոր: Երկրորդ հորիզոնական է բարձրացել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2814), իսկ երրորդ տեղը զբաղեցնում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2800): Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նահանջել է մեկ աստիճանով եւ այժմ 2797 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում ընդգրկվել են Հայաստանի երեք շախմատիստներ. Գաբրիել Սարգսյանը այժմ գտնվում է 67-րդ հորիզոնականում (2677), Վլադիմիր Հակոբյանը՝ 76-րդում (2667), իսկ Հրանտ Մելքումյանը՝ 82-րդում (2664): Կանանց աղյուսակի առաջին հորիզոնականում կրկին չինուհի Հոու Յիֆանն է (2654 միավոր): Երկրորդ տեղում է նրա հայրենակից Ցզյու Վենցզյունը (2572), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ուկրաինացի Աննա Մուզիչուկը (2571): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը (2413), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 70-րդը (2392): Մինչև 20 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը 12-րդն է, Մանուէլ Պետրոսյանը՝ 23-րդը, Արամ Հակոբյանը 65-րդը, Շանթ Սարգսյանը՝ 77-րդը: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է Մագնուս Կարլսենը (2880): Լեւոն Արոնյանն այստեղ գտնվում է 11-րդ հորիզոնականում (2779): Կայծակնային շախմատում լավագույնը նույն Մագնուս Կարլսենն է (2965): Լեւոն Արոնյանը այս մրցաձեւում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (2833):