Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չեմ ղեկավարվում պրիյազնով կամ նե պրիյազնով» (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine

Գնաճի հարցում իշխանությունը մեղավոր չէ: «Ըստ էության, ամբողջ աշխարհում էլ գնաճ կա: Անցած տարի մոտ 5 տոկոս ենք ունեցել, այս տարի՝ 2,5 տոկոս»,- կարծում է  ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:             Լուծումն, ըստ Գալուստ Սահակյանի, խորհրդարանական լսումներն են, որոնք կանցկացվեն եկող շաբաթ. «Բայց դրանով էլի ժողովրդի խնդիրները չեն լուծվում. պետք է մտածել այնպիսի քայլեր, որ ինչ-որ ձեւով լուծվեն ժողովրդի խնդիրները»:             ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ թանկացումները բունտի չի հանգեցնի. «Կարող է պատահել ընդվզում, այլ ոչ թե բունտ: Ցանկացած պահանջ պետք է վերլուծել՝ այդ ակցիզային հարկերի բարձրացումը ինչպիսի թանկացումների կհանգեցնի: Մեղմելու մի քանի տարբերակներ կան, դրանցից մեկը՝  վերադառնալ նախկին դրույքաչափերին, դա լուծումներից մեկն է»:             ՀՀԿ-ական պատգամավորներն անդրադարձան նաեւ Սերժ Սարգսյանի տեսլականին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ նոր նախագահը: Պատգմավորներից յուրաքանչյուրը մտքում ունի իր թեկնածուն, որը կարող է համընկնել կամ չհամընկնել ՀՀԿ դիրքորոշման հետ: «Ես այն քաղաքական գործիչն եմ՝ երբ որեւէ խոսք ասում եմ, ուրեմն ինչ-որ մասսա կա, քննարկումներ կա, որի արդյունքում ասում եմ նաեւ իմ խոսքը», նկատեց Գալուստ Սահակյանը: «Ինչպիսին լիներ ապագա նախագահը՝ եւ Սփյուռքում ճանաչելի, եւ արտաքին ու ներքին կյանքում ընդունելի ու ճանաչելի, հետք, կենսագրություն ունեցող, վստահություն ներշնչող, անկասկած, բայց կոնկրետ՝ ով, թույլ տվեք այս պահին ձեռնպահ մնալ. ես չեմ մտածել այդ մասին: ՀՀ նախագահը պետք է երկրի ներքին կյանքը լավ ճանաչի»,- կարծում է Խոսրով Հարությունյանը:             ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Հերմինե Նաղդալյանն այսուհետեւ չի լինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում: Նրան փոխարինելու է Կարինե Աճեմյանը: «Որեւէ մեկի հետ որեւէ հակասություն չունեմ: Ես ընդհանրապես այն մարդկանցից չեմ, որ անձնական, այլ տիպի հարաբերությունները բերում են աշխատանքային դաշտ կամ ղեկավարվում են նախասիրություներով, կամ, ինչպես մեկը գրել էր, պրիյազնով կամ նե պրիյազնով: Ես այստեղ գալիս եմ աշխատանքի եւ կարծում եմ՝ մեզնից յուրաքանչյուրին պետք է գնահատել մեր աշխատանքի որակով», պարզաբանեց ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը: Նա նաեւ պարզաբանեց, որ նոր ԱԺ ձեւավորման ժամանակ պայմանավորվածություն է եղել, որ 6 ամսվա կտրվածքով նա մնալու է պատվիրակության կազմում՝ զուգահեռաբար  նշանակվելով ԵԱՀԿ պատվիրակության ղեկավար: Իր մնալը Հերմինե Նաղդալյանը պատճառաբանեց, որ անհրաժեշտություն կա փոխանցել իր փորձը, կապերը, հարաբերությունները, ավարտել կիսատ մնացած զեկույցներն ու աշխատանքները: