Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարեկան 10-15 փոխպատվաստում է տեղի ունենում, այն էլ միայն երիկամի (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-aroxj

Եվգենիկական փորձերի կատարումը, մարդու վերարտադրողական կլոնավորումը կքրեականացվի: «Սրա պարզագույն ու ամենահայտնի ձեւերից մեկը ֆաշիզմն է, երբ մարդու գենետիկ կառուցվածքի փոփոխության նպատակով իրականացվում են որոշակի գործողություններ, մասնավորապես հայտնի են ազգային հատկանիշով ոչնչացումն ու տարածման արգելումը, նաեւ՝ հայտնի են պատմության մեջ՝ նույն հասարակության մեջ, քրեական տարրերի եվգենիական անապարհով արտահանումը հասարակությունից, չթողնելը, որ նրանք ունենան սերունդներ ու ունենան շարունակություն: Եվգենիկական փորձերը արգելված են աշխարհով մեկ»,- Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, ներկայացնելով «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխությունները, նշեց Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Այս փոփոխությունները համապատասխանեցվում են ՀՀ նոր Սահմանադրությանը, ըստ որի՝ մարդու օրգանների վաճառքը շահույթի առարկա չպետք է դառնան: «Այսօր ՀՀ-ում ընդամենը մեկ կենտրոն կա, որ իրականացնում երիկամի փոխպատվաստում՝ Արաբկիր ԲԿ-ն: Տարեկան մոտ 10-15 փոխպատվաստում է տեղի ունենում: Սահմանված է՝ եթե մարդն իր կյանքի ընթացքում չի ցանկանում, որ իր մահից հետո իր օրգանները ծառայեն՝ որպես փոխպատվաստման օրգաններ, ինքը պետք է կամովին հրաժարվի կյանքի ընթացքում այդ գործողությունից»,- նշեց Սերգեյ Խաչատրյանը: Փոխնախարարը նաեւ նշեց, որ մարդու օրգանների ու հյուսվածքների արտահանումը ՀՀ օրենքներով արգելված է: Հանձնաժողովի նիստին ներկայացվեց նաեւ «Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում փոփոխությունները: Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ում 24 բժշկական հաստատություն կա, որոնք կարող են արյուն հավաքագրել, սակայն արյան հավաքագրման որոշակի դժվարություններ դեռ կան. անհատույց դոնորներն ընդամենը 30 տոկոս են կազմում: «Օրինակ՝ հիվանդը վիրահատարանում սեղանին պառկած է ու մեկ էլ վիրահատարանից դուրս են գալիս, ասում են՝ գնացեք արյուն բերեք: Սա վայրենի բան է՝ մոտավորապես, կներեք, դանակ-կացինը ձեռքին դուրս են գալիս, ասում են՝ մի տեղից արյուն բերեք, ու պիտի գնան մարդիկ գիշերվա կեսին արյուն ճարեն, բերեն: Սա ամոթալի իրավիճակ է»,- նշեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:    Քանի որ քննարկված երկու օրենքներն էլ խնդրահարույց դրույթներ ունեին, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն առաջարկեց պատգամավորների ներկայացրած առաջարկներից միայն մեկը քվեարկել եւ ընդունել, ապա՝ նախագծերը լրամշակել եւ հետո միայն ներկայացնել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: