Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը Ֆաիկ Բոլկիան է

Սպորտ
a1harust-futbol

Երբ խոսք է գնում աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների մասին, ապա լրատվամիջոցներն առաջին հերթին նշում են Քրիշտիանո Ռոնալդուի, Լիոնել Մեսիի կամ Նեյմարի անունները: Սակայն, ինչպես տեղեկացնում է անգլիական «Դեյլի Միրորը», աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Լեսթերի» երիտասարդական թիմում: Դա անգլիական թիմի 19-ամյա հարձակվող Ֆաիկ Բոլկիան է: Նրա հայրը՝ Ջեֆրի Բոլկիան, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Բավական է նշել, որ ավագ Բոլկիան մոտ 10 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարել իր պատմական հայրենիքում՝ Բրունեյում: Նա իր հավաքածույում ունի 2300 ավտոմեքենա: Ֆաիկ Բոլկիան ծնվել է Լոս Անջելեսում եւ հնարավորություն է ունեցել հանդես գալու ԱՄՆ-ի հավաքականներում, սակայն նա նախընտրել է պաշտպանել իր պատմական հայրենիքի՝ Բրունեյի մարզական պատիվը: 19-ամյա ֆուտբոլիստն արդեն 9 հանդիպում է անկացրել այդ երկրի ազգային թիմի կազմում: Բոլորին, իհարկե հետաքրքրում է, թե ինչպե՞ս է պատահել, որ նման հարուստ մարդու որդին ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը: «Ես փոքր հասակից շատ էի սիրում ֆուտբոլ խաղալ: Միշտ երազում էի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ծնողներս բոլոր հարցերում աջակցել եւ օգնել են ինձ՝ երազանքիս հասնելու համար: Նրանք ուզում էին, որ ես այդ ճանապարհով դառնայի ֆիզիկապես եւ հոգեպես ուժեղ անձնավորություն», - խոստովանել է Ֆաիկ Բոլկիան: Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը խաղալ սովորել է անգլիական «Սաութհեմփթոնում», ապա Լոնդոնի «Արսենալում» ու «Չելսիում»: 2015 թվականից նա հանդես է գալիս «Լեսթերի» երիտասարդական թիմում: