Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքից հանվել է «հայրություն» ձևակերպումը (տեսանյութ)

Քաղաքականություն
gorgisyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր «Ընտանեկան օրենսգրքում» եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, հարց ուղղելով Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, նկատեց, որ գործող օրենքում մայրության եւ մանկության կողքին կար հայրություն ձեւակերպումը, սակայն հիմա հայրություն ձեւակերպումը հանվել է. «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայրությունը մեզ այլեւս պետք չէ, որ հանվել է թվարկումից: Նաեւ՝ ամուսնանալիս կամ ընտանեկան հարաբերություններ կազմելիս արգելվում է ռասսայական, մաշկի գույնի եւ այլ խտրականությունները: Այսինքն, մենք օրենքով մարդուն արգելում ենք, թե ինչպես ընտրի ամուսին կամ կի՞ն»: Սուրեն Քրմոյանը պարզաբանեց՝ ասելով. «Այս ձեւակերպումները մենք բառացի համապատասխանեցնում ենք Սահմանադրությանը, ու դա չի նշանակում, որ հայրությունը դուրս է մնում: Ինչ վերաբերում ռասսայական խտրականությանը, ապա սա եւս բխում է Սահմանադրությունից: Մենք չենք արգելում ընտրելը, այլ արգելում է խտրականությունը»:  Գեւորգ Գորգիսյանը արձագանքեց. «Ենթադրենք՝ ես սեւամորթ եմ ու առաջարկություն եմ անում որեւէ աղջկա՝ ամուսնանալու, նա մերժում է, ես կարող եմ օրենքի այս հոդվածին հղում անելով դատարան դիմել, որ նա ռասսայական հիմքով ինձ մերժե՞ց ամուսնանալ»: «Նկատենք, որ պարոն Գորգիսյանը տեսականորեն է ասում. ինքն իր փայ առաջարկությունն արել է ու լավ ընտանիք էլ ունի»,- միանգամից ավելացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Սուրեն Քրմոյանը եւս մեկ անգամ վկայակոչեց Սահմանադրությունը՝ նշելով. «Սահմանադրությամբ ամրագրված է, որ կինն ու տղամարդը ամուսնության տարիքին հասած իրենց ազատ կամարտահայտությամբ, փոխադարձ համաձայնությամբ կարող են ձեւավորել ընտանիք: Այս դեպքում նորմը չի գործում, այլ գործում է այն ժամանակ, երբ ընտանիքից դուրս որեւէ խտրականություն լինի, օրինակ՝ գրանցվելու ժամանակ, վերաբերմունքը եւ այլն»:  «Հակառասիստական բնույթ է կրում, չէ, ձեր ասածը. ոչ, ռասիզմին»,- կրկին արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: