Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՎԿ թեկնածուն դարձավ Վանաձորի քաղաքապետի տեղակալ. արտահերթ նիստ (տեսանյութ)

Քաղաքականություն
peleshyan-arkadi

Այսօր Վանաձորի ավագանին արտահերթ նիստում հաստատեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանի թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում։ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրել է, որ իր տեղակալներից Արտյոմ Գրիգորյանն է իր տեղը զիջել Ա. Փելեշյանին: Հաջորդ ավագանու նիստին արդեն Արկադի Փելեշյանը կզբաղեցնի քաղաքապետի կողքի աթոռը: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անդրադարձել է նաեւ ՀՎԿ-ՀՀԿ հուշագրի ստորագրմանն ու դրան նախորդած, հաջորդած դեպքերին, նշեց, որ չի ցանկանում փողոցային որակումներ տալ լրատվամիջոցների տարաբնույթ հոդվածներին: Մասնավորապես, մամուլը հիշում էր ՀՎԿ անդամ Հեղինե Բիշարյանի հայտարարությունը, թե ՀՀԿ-ի օգտին քվեարկողը անբարոյական կլինի։ Հիշեցնենք, Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցները նոյեմբերի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Ըստ հուշագրի՝ «Հայկական վերածնունդ»-ը կստանա քաղաքապետի տեղակալի պաշտոնը։ Իսկ այդ պաշտոնում առաջարկվել էր Ակա մականունով Արկադի Փելեշյանի թեկնածությունը։ Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու գումարած բոլոր նիստերը, ըստ որի՝ Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցրին իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը։  Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը և մինչ օրս չեն մասնակցում։  Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սակայն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝  չունենալով մեծամասնություն։ Այսօր Արկադի Փելեշյանը լրագրողների հետ զրույցում նաև իր դժգոհությունն է հայտնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանից, ապա ավարտել խոսքը՝ «վսյո, նաֆիգ» արտահայտությամբ։