Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պատժամիջոց՝ փաստաբանների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
pastabanner

Փաստաբան Լուսինե Սահակյանը  խայտառակ նախաձեռնություն է համարում Արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված  «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագիծը, որով առաջարկվում է   որպես դատական սանկցիա սահմանել տուգանք մինչև 100.000 ՀՀ դրամի չափով դատավարության մասնակիցների՝ այդ թվում  փաստաբանների նկատմամբ: «Սրանով ընդհանրապես փորձ են անում լռեցնել փաստաբաններին:  Եւ հիմա ոչ թե միջնորդավորված են դա փորձում անել, դա բավականին երկարատեւ է:  Չնայած փաստաբանների պալատը իր բարձրության վրա չի մնում եւ ակնհայտ է, որ նրանք փաստաբանների պալատին կարող էին օգտագործել փաստաբաններին լռեցնելու համար, բայց դա երկարատեւ պրոցես է»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նույնպես դեմ է արտահայտվել օրինագծին, բայց Լուսինե Սահակյանը տեսնում է պալատի մեղքը.   «Այսպիսի նախաձեռնությունները գալիս են նրանից, որ փաստաբանների պալատը լուրջ թուլացել է եւ փաստորեն պետական տարբեր մարմիններ, տարբեր ոտնձգություններ են կատարում  եւ փորձ են կատարում փաստաբանների իրավունքները խախտել»: Լուսինե Սահակյանը չի բացառում, որ որոշ փաստաբաններ ընդհանրապես կդադարեն աշխատել,  բայց նաեւ վստահ է՝   նրանք, որոնք պայքարում են,  չեն լռելու. «Սա երկրին պատիվ չի բերում, սա լուրջ հետեւանքներ է ունենալու, եթե նման ձեւով փորձեն վախեցնել»:  22 դատական սանկցիա ունեցող Արայիկ Պապիկյանն այս նախագիծը համարում է  զսպաշապիկ. «Ավելի ճիշտ կլիներ՝ օրենսդրական այդ նախաձեռնության ճիշտ ձեւակերպումը տային՝ փաստաբաններին լռեցնելու նպատակով ցանկանում ենք այսպիսի պատժամիջոց կիրառել, պարզ կլիներ, կհասկանայինք»:  Նա  ենթադրում է, որ այն հատկապես կիրառվելու է  Սասնա ծռերի եւ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս աղմկոտ  գործերով պաշտպանների  նկատմամբ։ «Կոնկրետ այս փաստաբանների նկատմամբ դրանք մի քանի տասնյակի են հասնում, լավ կլիներ պարզ տեքստով ասել՝ հարգելի փաստաբաններ, ձեզ  համար առանձին օրենք ենք ընդունում, դուք այսուհետ պետք է տուգանվեք»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը: Լրատվամիջոցներից մեկի  հարցմանը՝  արդյոք մտավախությունը չկա՞, որ այսպիսով կաշկանդելու է փաստաբանի գործունեությունը, ինչը կարող է խոչընդոտել դատական անաչառ ու անկողմնակալ վճիռների կայացմանը, Արդարադատության նախարարությունից պատասխանել են, թե դատական տուգանքի նախատեսումը կրում է հստակ նպատակներ:  Դրանք են՝  դատական իշխանության բարձր հեղինակության, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության, ինչպես նաեւ դատական նիստի եւ դատարանի գործունեության բնականոն ընթացքի ապահովում:   Փաստաբանները չեն կարծում, որ այս կերպ կբարձրանա դատական իշխանության հեղինակությունը։ «Իրավիճակը շտկելու, բարելավելու, դատաքննություններն օրինական դաշտ բերելու փոխարեն եւս մի պատժիչ գործողության ճանապարհ են որդեգրել: Կարծում եմ, սա դեպի փակուղի տանող քաղաքականություն է»,- եզրափակեց Արայիկ Պապիկյանը: