Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը պատասխանել է բողոքող ուսանողներին միացած դոցենտին

Քաղաքականություն
docent

ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ Կարեն Սաղաթելյանն այսօր ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման կազմակերպված ակցիայի ժամանակ կոչ է արել բացել ֆիզիկայի ֆակուլտետի փակված դռները և թույլ տալ ուսանողներին դուրս գալ շենքից մասնակցելու բողոքի ակցիային. «Դեմ եմ տարկետման օրենքի վերացմանը։ Ես համարում եմ, որ ասպիրանտների և ուսանողների փոխարեն այսքան մլիցեքին ուղարկեն բանակ»։ Հարցին, թե ինչպես կանդրադառնա տարկետման վերացումը գիտությամբ զբաղվող ուսանողների վրա, Կարեն Սաղաթելյանը նշել  է. «Դա ստատիստիկայի հարց է, մի մասը կկարողանա վերականգնել ուսումը, մի մասը չի կարողանա։ Մարդիկ կան, որ բանակից վերադառնալուց հետո այլևս ուսանող չեն, մի կերպ երեքները պոկում են, մի մասը կարողանում է վերականգնվել, բայց դա բոլորին չի նշանակում, որ պետք է տանեն բանակ»։ Ինչ վերաբերում է ոստիկաններին բանակ տանելու դասախոսի առաջարկին, ապա այս առիթով պարզաբանում է ներկայացրել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը. «Պարտադիր զինծառայության օրինագծի դեմ բողոքող ուսանողների այս օրերի ակցիաներին ոչ միայն խնդիր բարձրացրած երիտասարդները, այլև որոշ պատեհապաշտներ են մասնակցում: Ջրերի պղտորվելու ժամանակ սովորական երևույթ է, բայց անպատասխանատվությունն էլ պիտի սահման ունենա: Օրինակ, մաթեմատիկայի ֆակուլտետի դոցենտ ներկայացած ոմն Սաղաթելյան լրատվամիջոցներին հայտարարում է, թե ուսանողների փոխարեն ճիշտ կլինի «միլիցեքին» բանակ տանեն: Դոցենտը, որ նաև մանկավարժ է ենթադրում, գոնե ճերմակած մազումորուքի տարիքում պիտի իմանար, որ միլիցեք չի, ոստիկաններ է: Երկրորդ. պիտի տեղյակ լիներ, որ ոստիկանությունում ծառայողը պարտադիր պետք է զինծառայություն անցած լինի: Երրորդ. այդ ոստիկանները մասնակցել են Արցախյան ազատամարտին, հետո՝ Քառօրյա պատերազմին, ու ամեն պահ պատրաստվում ու պատրաստ են, որպես բանակի առաջին ռեզերվ, մեկնելու ռազմաճակատ: Չորրորդ. այդ ոստիկաններից շատերը ոչ միայն զինծառայությունից վերադարձել ու ծառայում են ոստիկանությունում, այլև ծառայելուն զուգահեռ սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հատուկ շեշտում եմ «ծառայությունն» ու «սովորելը», որպեսզի մասնագետ ու քաղաքացի դաստիարակողը հասկանա, որ ծառայությունն ու սովորելը հականիշներ չեն, այլ, հաճախ, հոմանիշներ են: Տասնութ տարեկանը, էմոցիաներին տրված, գուցե սա դժվար ըմբռնի, բայց, կարծում եմ, դոցենտը, այն էլ՝ մաթեմատիկայի պրագմատիկ ոլորտի, պարտավոր է ընկալել, հակառակ դեպքում ինչպես ու որ գիտության տարածքներն է առաջնորդում իր ուսանողներին…»։