«Շիրակը» «Արարատի» հետ խաղում չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 9-րդ տուրի մեկնարկային խաղում այսօր Երեւանի «Արարատը» իր հարկի տակ ընդունեց «Շիրակին»: Երեւանի «Նաիրի» մարզադաշտում թեեւ հանդիպում էին հանրապետության երկու հնագույն թիմերը, սակայն ֆուտբոլասերների մոտ այն հետաքրքրություն չէր առաջացրել: Սակայն մարզադաշտ եկած մի քանի տասնյակ երկրպագուները բավական համառ պայքարի ականատես դարձան: Նախ երկու անգամ աչքի ընկան շիրակցիները: Խաղի 35-րդ րոպեին նրանք 11մ հարվածի իրավունք վաստակեցին, որն վստահ իրացրեց Իգոր Ստանոեւիչը: Չորս րոպե անց հյուրերը եւս մեկ արդյունավետ գրոհ կազմակերպեցին եւ Արամ Մուրադյանը ընթացքից կատարված հարվածով երկրորդ անգամ գրավեց «Արարատի» դարպասը: Սակայն առաջին խաղավարտի վերջում տանտերերի կազմակերպված հազվադեպ գրոհներից մեկն ավարտվեց Արամ Քոչարյանի ոչ այնքան ուժեղմ սակայն դիպուկ հարվածով: Երկրորդ խաղակեսում թիմերը հիմնականում պայքար էին մղում նախաձեռնությանը տիրելու համար: Երկար ժամանակ խաղադաշտում հավասար պայքար էր գնում: Սակայն հանդիպման 79-րդ րոպեին արարատցիների դարպասապահի երկար փոխանցումից հետո բավական վտանգավոր գրոհ ձեռնակեցին աջ եզրով: Արդյունքում, եզրից կատարված փոխանցումից հետո գնդակը հայտնվեց փոխարինման մտած Գարեգին Կիրակոսյանի մոտ, որը ընթացքին կատրաված հուժկու հարվածով անակնկալի բերեց «Շիրակի» դարպասապահին: Գոլից հետո շիրակցիների մեծ ուժերով նետվեցին առաջ եւ փորձեցին ետ բերել հաշվի առավելությունը, սակայն՝ ապարդյուն: Արդյունքում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 2:2: «Մենք անտեղի միավորներ կորցրինք: 2:0 հաշվով առջեւում էինք, բայց ֆուտբոլիստները մի փոքր հանգստացան, որի արդյունքում պատժվեցինք: Երեւի նաեւ տղաները ռիթմից ընկել էին, քանի որ վերջին անգամ խաղացել էին հոկտեմբերի 1-ին», - հանդիպումից հետո ասաց «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Իսկ ահա «Արարատի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սաֆարյանը չներկայացավ մամուլի ասուլիսին, քանի որ անձնական հարցերով չէր ժամանել խաղին: Նրան փոխարինեց թիմի մարզիչ Արայիկ Թորոսյանը: «Մենք լավ աշխատեցինք, լավ պաշտպանվեցինք, հակագրոհների ժամանակ գոլեր խփացինք եւ կարողացանք հավասարեցնել հաշիվը: «Շիրակի» դեմ կարելի էր միայն այդպիսի ֆուտբոլ խաղալ», - ասաց առաջին անգամ մամուլի ասուլիսի մասնակցող մարզիչը: