Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օտար ժամանակներ». երկու իրարամերժ արժեհամակարգ

Կարևոր լուրեր
vasak2

Բոլոր նրանք, որոնք ամռանը չէին հասցրել ներկա գտնվել հայտնի լրագրող, խմբագիր Վասակ Դարբինյանի՝ «Օտար ժամանակներ» գրքի շնորհանդեսին, սեպտեմբերի 28-ին մասնակցեցին գրքի գինեձոնին: Ներկա էին ինչպես հայտնի լրագրողներ, խմբագիրներ, գրողներ, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչներ: Գիրքը տպագրվել է 500 օրինակով եւ հեղինակի ստորագրությամբ որպես նվեր՝ բաժանվեց ներկաներին: «Օտար ժամանակներ» գիրքը վաճառքի է ներկայացված նաեւ գրախանութներում:  «Օտար ժամանակներ»-ը հեղինակի առաջին գիրքն է, որը բաղկացած է երկու շարքից՝ պատմվածքներից եւ մանրապատումներից: Վասակ Դարբինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատմվածքներն ավելի վաղ է գրել, իսկ մանրապատումները ժողովրդական ասվածքների, առածների մոտիվներով են գրվել. «Գրելու իմ շարժառիթը նախ և առաջ իմ կյանքի ժամանակի վրա ազդեցություն չունենալն է: Ազդեցություն ունենալու անհնարինության գիտակցումը: Մեր սերունդը երկու իրականության, երկու հասարակարգի, երկու կենսակերպի, երկու իրարամերժ արժեհամակարգերի կրող է: Մենք հակադրվում էինք սովետական իրականությանը երբեմն թշնամանալու չափ, բայց մեզ վիճակված էր մեր կյանքի լավագույն տարիները ապրել այդ իրականության մեջ: Հետո փլվեց այդ իրականությունը. համազգային զարթոնք և ընդվզում, երկրաշարժ, ապա անկախություն ու պատերազմ: Այս ամենի միջով պիտի անցնեինք՝ նորածին մեր անկախությունը մեր երեխաներից չտարբերելով: Մենք հայտնվել էինք ուրիշ աշխարհում: Այս ամենին ավելի դիպուկ անվանում չգտա, քան «Օտար ժամանակները»: Նրա խոսքով՝ իշխանությունը, որին ձգտել է, խոսքի, բառի, մտքի իշխանությունն է. «Համոզված եմ, կամ գուցե ինքնամխիթարանք է, սա շատ ավելի հզոր իշխանություն է, քան մարդկանց ճակատագրերը տնօրինելու, նրանց ղեկավարելու, ստորադասելու և հրամայելու, նվաստացնելու կամ պարգևատրելու, քան նույնիսկ փողի իշխանությունը: Ես հասկանում եմ, որ իմ նախընտրած իշխանությունը շոշափելի կամ տեսանելի չէ, որ այն ի զորու չէ նվազեցնել դժբախտությունները, կանխել աղետները, բուժել հիվանդությունները: Ոչ էլ համատեղվում է շքեղ, երանելի, անհոգ կյանքի հետ: Ըստ այդմ, դա ոչ էլ իշխանություն է: Դրա միակ առավելությունը թերևս այն է, որ երբևէ չի պարտվում»: vasak1