Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվստահության հիմնական պատճառը պետական միջոցների ապօրինի մսխումն է. սփյուռքահայ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
guyumjyan

Քուվեյթահայ գործարար Կիրակոս Գույումջյանը իշխանությունների նկատմամբ  Հայաստանի ներսում ու Սփյուռքում առկա անվստահության հիմնական պատճառը համարում է պետական միջոցների ապօրինի մսխումը: «Ազգի եւ պետության գումարները պետք է ապահով ձեռքերում լինեն: Այդ առումով ատելի կարծիքներ եմ լսում, որ ինձ շատ մտահոգում են՝ պետության ունեցվածքին տիրանալու անհատներ: Այդ մարդիկ պետք է դատապարտվեն: Եթե նման բան եղավ ու տարածվեց մեծ մասշտաբով, ուրեմն մեր հայրենիքից զարգացում մի սպասեք՝ չի կարող զարգացում լինի: Պետք է կոռուպցիան բացարձակապես մեր հայրենիքից վերացվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սփյուռքահայ գործարար Կիրակոս Գույումջյանը: Պարոն Գույումջյանը Երեւանում մասնակցում էր  ՀՀ-Սփյուռք եռօրյա համաժողովին, որը կրում էր «Փոխադարձ վստահութուն,  միասնականություն եւ պատասխանատվութուն» խորագիրը: Նա չի ժխտում՝ թեեւ ՀՀ իշխանություններն իրավիճակը շտկելու համար որոշակի քայլեր ձեռնարկել են, սակայն սփյուռքահայերի շրջանում դեռ անվստահությունը գերիշխում է. «Այդ անվստահությունը դեռեւս մեծ չափերով գոյություն ունի եւ ազդում է բիզնեսմենների որոշումների վրա: Վատ փորձառություն ունեցողները ասում են, որ նման բաների են հանդիպել ու ուրիշներին էլ օրինակներ են ցույց տալիս, թե այս ինչ մարդը եկավ ու նման խնդիրների առաջ կանգնեց՝ իմացեք, ես գնացի»: https://youtu.be/HReIMp8dQ3s             Այդ առումով, նա կարեւորում է համաժողովի ժամանակ Արամ առաջին կաթողիկոսի՝ խիստ շեշտադրումներով ելույթը. «Ինքն էլ օգտագործեց՝ մատը վերքին վրա դնել, խոսքը: Եւ մատը վերքի վրա դրեց վեհափառը, այդ առումով կասկած չկա: Եւ շատ համահունչ է սփյուռքահայերի մտահոգություններին: Երեւի վեհափառը գիտեր, որ անցյալ համագումարից մինչ օրս շատ մեծ փոփոխություններ չեն եղել եւ նույն խստությամբ խոսեց, եւ նույն բառապաշարով խոսեց: Դա մտահոգիչ է»:             Կիրակոս Գույումջյանը Քուվեյթում զբաղվում է շինարարական ապրանքների  բիզնեսով: Ցանկանում է ներդրումներ անել նաեւ հայրենիքում: Մինչ այդ, դեռ բնակարան է ձեռք բերել Երեւանում: Նրա եղբայրը՝ Հակոբը ՀՀ-ում արդեն սկսել է ավտոմեքենաների իր բիզնեսը. «Արդեն լուրջ գործի վրա է: Եթե ես չեմ, սակայն իմ ընտանիքի մեջ է, միեւնույն է՝ գործը սկսել է: Շինարարության հետ կապված ապրանքներ ներկրելու մտադրություն ունեմ, արդեն հող ունեմ՝ շինարարություն պետք է անեմ, ապրանքները դասավորեմ, մարկետինգի հարցերով զբաղվեմ, եւ գործը սկսել»:             Թե ՀՀ ինքնիշխանության տեսանկյունից, թե սփյուռքահայ գործարար միջավայրի բարելավման համար ո՞րն է ավելի նպատակահարմար՝ ԵՄ, թե ԵՏՄ անդամակցումը: Պարոն Գույումջյանի համոզմամբ՝ երկու կառույցներն էլ իրենց գրավչությունը ունեն՝ տնտեսական եւ անվտանգության առումներով, խնդիրը մեր ճիշտ կողմնորոշվելն է. «Եթե մենք մեր կամքի տերը լինենք, մեր հնարավորությունը ունեցող պետություն լինեինք, կարող էինք առաջին իսկ պահին կողմնորոշվել՝ անտեսելով բոլոր տեսակի խոչընդոտները, սակայն այդպես չէ՝ մենք փոքր ազգ ենք ու եթե մյուսները 1-2 հաշիվ են անում, մենք տասնյակ հաշիվ պետք է անենք այս տեսակի լուրջ, ճակատագրական որոշում կայացնելու համար»:             Ըստ նրա՝ սա ոչ թե Կառավարության կամ ԱԺ որոշումը պետք է լինի, այլ ժողովրդի մեծամասնության կարծիքն իմանալու համար պետք է անցկացվի քվեարկություն: