Արթուր Պետրոսյանը չգիտի, թե ինչպե՞ս է լուծելու հավաքականի խնդիրը (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիայի հետ խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսում խոստովանեց, որ դեռ չգիտի, թե ինչպես է լուծելու կենտրոնական պաշտպանի խնդիրը, քանի որ այդ դիրքում հանդես եկող Տարոն Ոսկանյանը կարմիր քարտ է ստացել Ռումինիայի հետ խաղում եւ պետք է բաց թողնի վաղվա հանդիպումը: «Այս պահին ես այդ հարցի լուծումը չունեմ: Առանց մրցակցության առաջընթաց չի կարող լինել: Հուսով եմ, որ առաջիկայում մի լավ երիտասարդ պաշտպան կաճի ու հետագայում կկարողանա մեզ օգնել», - ասաց Հայաստանի հավաքականի թիվ մեկ պատասխանատուն: Խոսելով առաջիկա խաղի մասին, Արթուր Պետրոսյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի դանիացիների համար դժվար խաղ լինի: «Ճիշտ է, մենք պարտվել ենք վերջին խաղում, իսկ նրանք հաղթել են 4:0 հաշվով, բայց մենք խաղալու ենք հաղթանակի համար: Դանիան Հայաստանում հեշտ խաղեր չի ունեցել: Ես հույս ունեմ եւ հավատում եմ, որ այս անգամ էլ է այդպես լինելու»: