Լինել կին. չլռողին նույնիսկ հոգեբուժարան կտանեն (տեսանյութ)
Արմինե Առաքելյանը եվրոպական արժեքների կրող էր դեռ մինչեւ Հայաստանի անկախությունը: Մարդու իրավունքների պաշտպանությունն սկսել էր հեռավոր Ռուանդայից, որտեղ 1994-ի հունիսի ցեղասպանությունից մի քանի ամիս հետո հետո նրան գործուղել էր Միավորված Ազգերի կազմակերպությունը: Մայրաքաղաք Կիգալիում ամենուր, հատկապես քրիստոնեական եկեղեցիներում, դեռ թութսի ցեղին պատկանող զոհերի դիակներ կային։
«Իրենք գիտե՞ք, Կագամեն՝ էդ ուժերը՝ թութսի, որ եկան իշխանության, իրենք որոշ չափով դիտավորյալ չէին հավաքում դիակները մանավանդ եկեղեցիների բանի մոտ, որովհետեւ երբ սկսել է էդ ջարդը, կանայք ու երեխաները գնացել էին, մտել էին եկեղեցիները: Դե կաթոլիկ, չէ՞, էդպես շատ հավատացյալ, մտել էին ապաստան գտնելու համար: Իսկ եկեղեցին դուռը բացել էր եւ ջարդը տեղի էր ունեցել մեծ մասը եկեղեցիների մեջ։ Էրեխեն 9 տարեկան տղան, մաչետեով սպանել էր իր մորը, որովհետեւ մայրը թութսի էր»,- ասում է ՄԻԺԻ-ի հիմնադիր, միջազգային իրավունքի մասնագետ Արմինե Առաքելյանը:
Ռուանդայից որոշ ժամանակ հետո Հայաստան տեղափոխված Արմինեն դիակներ չտեսավ, սակայն տեսավ մարդու իրավունքների հանդեպ անտարբեր հասարակություն: Այստեղ նա ստեղծում է Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը, դիտորդական առաքելություն իրականացնում ընտրություններում, որոնք կեղծվում էին: Արմինեն հասկանում է, որ Հայաստանում խնդիրը մարդու անտարբերությունն է՝ իշխանությունն այստեղ նրա հետ անում է՝ ինչ ուզում է: Այդ ուղտը չոքում է նաեւ Արմինեի դուռը՝ Կենտրոն համայնքի նրա շենքի բակում Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը բակային այգին ոչնչացնելով 2007-ին ուզում է կառուցել էլեկտրակայան։
Սա Արմինեի եւ իր շենքի առաջին հաղթանակն էր՝ էլեկտրակայանը չկառուցվեց: Հաջորդը Մաշտոցի պողոտան էր: Այդ ընթացքում սրվում են Երեւանից Մուղնի գյուղ տեղափոխված Արմինեի եւ գյուղացիների հարաբերությունները՝ նրանք չեն պատկերացնում, որ կինը կարող է լինել ոչ միայն անհնազանդ, այլեւ իրավունքների պաշտպան։
Այդ ընթացքում Արմինեն հանդես է գալիս նաեւ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: Գյուղում նրա հանդեպ վերաբերմունքը դառնում է անտանելի, նրա տունը քարկոծում են գրեթե ամեն օր: Արմինեն դիմում է հուսահատ եւ անսովոր քայլի՝ որպես բողոքի նշան գալիս է Երեւան եւ մտնում Հանրապետության հրապարակի շատրվաններ: Ոստիկանությունն արագ է արձագանքում։
«Ձեռքերս անմիջապես շղթայեցին, նստացրեցին էդ ավազանի մեջ»,- հիշում է Արմինեն։
Արմինեին տեղափոխում են Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ նա ստանում է նվաստացման հաջորդ չափաբաժինը, հիվանդանոցի կանայք մի քանի օր ծեծում են նրան հիշեցնելով, որ նա Ֆեյսբուքում գրել է, թե Վլադիմիր Գասպարյանը պետք է չեզոքացվի. «Տղամարդիկ նայում, հաճույք են ստանում, դա էլ նորից նվաստացուցիչ, կզզացնելու բան է, նայում են կանայք ոնց են ինձ խփում։ Էդ ցավերից ես սկսեցի մլավել, ասեցի՝ գուցե կարեկցանք ցույց տան, վերջապես տատիկ են, ես իրենց էլ ասեցի վերջում՝ թոռ ունեք, բան ունեք, ինձ խփում եք»
Գյուղացիները սպանում են նաեւ կենդանասեր Արմինեի շներից ամենափոքրին, հենց տիրոջ աչքի առաջ։
Փոքրիկ շան սպանությունը չի բացահայտվում: Սակայն դրանից հետո գյուղացիները հանգիստ են թողնում Արմինեին: Գյուղում նրա գոյությունն ու տեղաշարժն այլեւս հարցեր չեն առաջացնում: Փոխարենը կյանքը դեռեւս անհանգիստ է նրանց համար, որոնք շարունակում են զբաղվել բռնության ենթարկված կանանց խնդիրներով։
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար Լարա Ահարոնյանն ասում է, որ սոցիալական ցանցերում ատելության խոսքեր են ուղարկում. «Շատ անգամ ֆեյք պրոֆիլներով, երբեմն ոչ ֆեյք: Օրինակ՝ ասում են ձեզ նմանները պետք է վառենք, ձեզ պետք է սպանենք, որպեսզի դուք չշարունակեք խոսալ, կամ ասում են դուք մեկ ա այստեղից չեք, գնացեք ստեղից, դուք էստեղի ջուրը չեք խմել, չգիտեք ՝ ինչ ա հայ լինելը»։
Ոստիկանության համար կին իրավապաշտպանների հանդեպ այսպիսի սպառնալիքները արտառոց չեն, ոստիկաններն էլ ենթարկվում բռնությունների, բայց իրենք դրանից աղմուկ չեն սարքում
«Իսկ ոստիկանը կարո՞ղ է հանգիստ լինել, որ ինքը վաղը չի կարող ունենալ խնդիր, չէ որ հանցագործություններ է բացահայտում վնասազերծում է, կարող է լինել ամեն ինչ եւ լինում է»,- ասում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
Ընտանեկան բռնության ենթարկված Նաիրա Սմբատյանն ամուսնու բռնություններից փախչելիս հաջողացրել է իր հետ վերցնել փոքրիկ որդուն: Փոխարենը դուստրերն այլեւս չեն ուզում ճանաչել նրան: Ամուսնու ընտանիքի անդամները խոստացել են, որ նա այլեւս չի տեսնի դուստրերի երեսը
«Ես չգիտեի, որ օրենքը, եթե դու քո կյանքն ես փրկում, քեզ կարող են զրկել. Էդ ի՞նչ օրենքա, ով հասցնի երեխային վերցնի, երեխան իրենն է»,- լացակումած ասում է կինը։
Ընտանեկան բռնությունների զոհերի իրավունքների համար Հայաստանում կան մի քանի կազմակերպություններ: «Կանանց ռեսուրս կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանը կանանց հանդեպ ամուսինների բռնության այնպիսի մեթոդներ գիտի, որոնցում ոչ միայն վնասվածք չկա, այլ նույնիսկ ընկալում, որ ինչ-որ բան այն չէ
«Գեղարքունիք էինք գնացել, կանանց քայլարշավ ենք անում գյուղական համայնքներում, որ մտնենք ոտւն տուն, խոսենք էս ամեն ինչի մասին, ու չնայած, որ շատ մը գյուղերում տղամարդիկ չկան, գնացել են 10 ամիս, ասենք դրսում աշխատելու՝ Ռուսաստանում եւ այլն: Երբ որ խոսում էինք էնտեղի մի քանիսին, մի հատ կին, որ իրա ամուսինը գնացել ա, ասում է՝ հա ինքը էստեղ չի, բայց ես շատ զգույշ եմ, պետք է էսինչ ժամին ամեն օր կանգնեմ Սկայպի առաջ, ցույց տամ մի հատ ինչ եմ հագնվելու ուր եմ գնում, որպեսզի ինքը մի հատ էնտեղից ասի՝ ես կարող եմ էս հագածով դուրս գալ, թե չեմ կարող։ Ժամեր է դրված, ամեն օրվա մեջ էսինչ, էսինչ ժամերին ինքը Սկայպով պիտի կանչի: Եթե ես հանկարծ էնտեղ չգտնվեմ, կարող ա հետո հետեւանքները շատ վատ լինեն, բռնության ենթարկվեմ, երբ որ ետ գա, ծեծի, պատժի: Դրա համար ես միշտ փորձում եմ տնից չհեռանալ: Այսինքն էդ վերահսկումը կա, նույնիսկ երբ որ տղամարդիկ ներկա չեն ֆիզիկապես էդ համայնքներում»,-ասում է նա։
ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի խոսքով՝ ընտանեկան բռնությունը հանցագործություն է «անդաստիարակության հետեւանքով, չհարգելու պատճառով, մեկը մյուսին չհասկանալու, չհանդուրժելու պատճառով»:
Տիկին Նելլի Դուրյանը վստահեցնում է, որ հայերն այնքան էլ հակված չեն բռնության: Եվ դա մշակույթի ու ավանդույթների հարց է: Իրավապաշտպանները սակայն տեղեկացնում են, որ հենց ավանդույթներն էլ ծնում են ընտանեկան բռնություն: Բռնարարները հաճախ չեն բավարարվում իրենց կանանց եւ երեխաների հանդեպ վերաբերմունքով: Նրանք բռնության սպառնալիքի թիրախ են դարձնում նաեւ իրավապաշտպաններին: Զարուհի Հովհաննիսյանն այդպիսի սպառնալիքի զոհ է: Նա ասում է, որ Հայաստանում այդքան էլ հեշտ չէ բռնության ենթարկված կանանց իրավունքներով զբաղվելը
Տիկին Հովհաննիսյանին ֆեյսբուքյան օգտատերը սպառնացել էր ազգի արժանապատվության անունից՝ թուրքը նայում է կին իրավապաշտպանի գործունեությանը եւ ուրախանում: Անդրանիկ անունով մի երիտասարդ խոստացել էր, որ Զարուհու եւ նրա երեխաների համար վատ կլինի, եթե շարունակի իր իրավապաշտպանությունը։
Ջութակահար իրավապաշտպանը երեք երեխա ունի, գրեթե ցանկացած առիթով նա ստանում է սպառնալիքներ եւ հայհոյանքներ իր ընտանիքին եւ իրեն ուղղված ։Դուստրը՝ Արուսյակը նույնպես ջութակահար է, հասկանում է, որ իրենց համար այնքան էլ հեշտ չէ լինել իրավապաշտպանի որդի կամ դուստր
«Ես արդեն շատ անգամ եմ լսել, որ մամային սպառնել են, նույնիսկ եղել է, որ մեզ էլ են սպառնել մամայի հասցեով, ես մտածեցի դրա շուրջ, բայց հետո հասկացա, որ դա մամայի գործն է, ինքը կարող է դա կանխել»,-ասում է Արուսյակը:
Կին իրավապաշտպաններն այսօր բռնության ենթարկված կանանց իրավունքներով զբաղվում են շուրջօրյա ռեժիմով: Նույն ռեժիմով ընտանեկան բռնությունների դեպքերին արձագանքում է ոստիկանությունը: Միջին հաշվով ամեն տարի Հայաստանում գրանցվում է ընտանեկան բռնության մոտ 600 դեպք: Ամեն տարի դրանց թիվն աճում է: Հայաստանն առ այսօր չունի ընտանեկան բռնության մասին օրենք: Միաժամանակ, Հայաստանը չի վավերացրել կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ու կանխարգելման միջազգային կոնվենցիան: