Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Պաշտոնական

«Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն»-ը կտեղափոխվի Պռոշյան

Երևանի մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցման նախագիծը ընդգրկված է գործադիր մարմնի վաղվա նիստում: Ըստ նախագծի՝ կենտրոնը կտեղակայվի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գեւորգ Չաուշի խճուղի թիվ 5 հասցեում։

Ծրագրի իրականացման շրջանակում նախատեսվում է կառուցել արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի (ԱՏԳ) եւ ՀՀ ՊԵԿ վարչական շենք , որի ընդհանուր մակերեսը կազմում է 19.1 հա։ 13.5 հա-ն նախատեսվում է ԱՏԳ կենտրոնի և դրա ենթակառուցվածքների համար, իսկ 5.6 հա-ն՝ վարչական շենքերի եւ դրանց ենթակառուցվածքների համար:

ԱՏԳ կենտրոններում ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացներն իրականացվում են մեկ վայրում:

Այստեղ հիմնական գործընթացները հիմնված են լինելու էլեկտրոնային համակարգերի և ծրագրային լուծումների կիրառման վրա։ Այս կենտրոններում պետք է տեղակայված լինեն բոլոր այն պետական մարմինները և մասնավոր կազմակերպությունները, որոնք տրամադրում են ապրանքների ներմուծման և արտահանման համար անհրաժեշտ թույլատվական փաստաթղթեր։

Դեռ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է դրամաշնորհային համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 6.0 մլն եվրո:

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է նաեւ վարկային միջոցներ՝ 39.0 մլն եվրոյի չափով: ԱՏԳ կենտրոնում նախատեսվում է կառուցել 9000 քմ պահեստային մասնաշենք, ճառագայթային զննման սարքի հարթակ, կարգո և հավաքական բեռների զննման մասնաշենք՝ 2100 քմ, նաեւ արգելապահվող տրանսպորտային միջոցների կայանատեղի՝ 28 ավտոմեքենայի համար:

Նախագիծը ներկայացնելու է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը: