Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարությունների միջև ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև ընդլայնված քաղաքական երկխոսության մասին փոխըմբռնման հուշագիր։
Արարատ Միրզոյանը նշել է, որ կողմերն արդեն հասցրել են բովանդակալից քննարկումներ ունենալ և գոհունակությամբ արձանագրում են երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվ զարգացումը։
Նրա խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը կնպաստի համագործակցության օրակարգի ընդլայնմանը։ Երկուստեք պատրաստակամություն կա զարգացնելու կապերը տնտեսության, առողջապահության, կրթության, գիտության, նորարարության, արդարադատության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Միրզոյանն ընդգծել է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հարցում Սլովենիայի փորձի կարևորությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև աճում են նաև առևտրատնտեսական կապերը, համագործակցություն կա նաև ֆինանսական ոլորտում։ Որպես օրինակ՝ հիշատակել է հայկական «Ինեկո Գրուպի» կողմից սլովենական բանկերից մեկի՝ Hranilnica LON -ի բաժնետոմսերի ձեռքբերումը։
Հայաստանի և Սլովենիայի ժողովուրդների ընդհանրությունների մասին խոսելիս Միրզոյանն առանձնացրել է նաև մեղուների և մեղրի կարևորությունը երկու երկրների կենսաբազմազանության համար։
Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերն իր հերթին ողջունել է ստորագրված հուշագիրը՝ ընդգծելով, որ այժմ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի, որպեսզի երկկողմ հարաբերությունների զարգացումն արտացոլվի նաև տնտեսական ցուցանիշներում։
Կայզերի խոսքով՝ երկու երկրներն ունեն խոստումնալից համագործակցության հեռանկարներ, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտում։ Թեև Հայաստանի և Սլովենիայի միջև ուղիղ չվերթներ չկան, Հայաստանի նկատմամբ սլովենացիների հետաքրքրությունն աճում է։
Սլովենիայի արտգործնախարարը նաև ողջունել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության առաջընթացը՝ այն դիտարկելով որպես երկու երկրների հարաբերությունների զարգացման կարևոր ուղղություններից մեկը։