Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերի պաշտպանները կդիմեն Սահմանադրական դատարան (տեսանյութ)

Հասարակություն
Artush-Gabrielyan

«Սասնա ծռեր» խմբի 18-ի գործով այսօրվա նիստն սկսվեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդությամբ։ Պաշտպան ներգրավելու համար ծափողջույնների ներքո նախ դատարան բերվեցին «Սասնա ծռեր» խմբի սանկցիայի տակ գտնվող 18 անդամները։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այլևս պետք է չվարի Սասնա ծռերի գործով դատական նիստերը, հայտարարեց խմբավորման անդամ Սերգեյ Կյուրեղյանը։ Նրան ներկայացնելով ինքնաբացարկի միջնորդություն, վերջինս նշեց պատճառը՝  դատավորն անտարբեր է իրենց նկատմամբ։  «Դատավորը մինչև այսօր չի հարցրել, թե ինչու ես ոտքի չեմ կանգնում, ում էլ որ հարցրել է, խոսքը կիսատ է թողել ու ասել՝ ես գիտեմ ինչ եք ասելու, Նաստրադամուսի բարեկա՞մն է, ի՞նչ է։ Հաշվի առնելով, որ դատարանը չի լսում մեր ոտքի չկանգնելու պատճառները, ես միջնորդում եմ, որ դատավորն ինքնաբացարկի դիմում գրի»։ Մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Արտուշ Գաբրիելյանը չլսեց Սերգեյ Կյուրեղյանի մյուս միջնորդությունները, ինչը պաճառ դարձավ, որ վերջինս լքի նիստերի դահլիճը։  Արդեն առանց Սերգեյ Կյուրեղյանի՝ դատավոր Գաբրիելյանը փորձեց որպես նրա շահերի պաշտպան՝ ներգրավել հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին։ Փաստաբանն իր հերթին դատավորի որոշումն օրենքից դուրս որակեց։  «Որևիցե ներգրավում տեղի չունեցավ, քանի որ քր. օրենսգրքի համաձայն՝ ներգրավում տեղի է ունենում այն ժամանակ, երբ անձը տալիս է իր համաձայնությունը։ Իսկ այս դեպքում անձը որևիցե կարծիք չհայտնեց՝ լքելով դատական նիստերի դահլիճը։ Դա Ձեր միանձնյա որոշումն է, որն անօրինական գործողություն է»,- հայտարարեց Լիանա Գասպարյանը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նույն կերպ վարվեց նաև Թորոս Թորոսյանի հետ։ Առանց նրա համաձայնության  պաշտպան ներգրավեց նույն Լիանա Գասպարյանին։ Ով քիչ անց Սասնա ծռերի գործի դատավարության ներկա ընթացքը բեկելու հայտ  ներկայացրեց։ Ըստ Լիանա Գասպարյանի՝ անձն իրավունք ունի ընտրել իր պաշտպաններին, սակայն վերջիններս խուզարկությունների ու այլ պատճառներով չեն կարողանում ներկայանալ դատարան։ Արդյունքում ամբաստանյալների կամքին հակառակ նշանակվում են հանրային պաշտպաններ, որոնք անձին պաշտպանելու համաձայնություն չեն ստանում, և փաստացի «Սասնա ծռեր»-ի անդամներն անպաշտպան են մնում։ Ըստ հանրային պաշտպանի, իրավիճակի օրինականությունը Սահմանադրական դատարանում պարզաբանելու կարիք կա։  «Արդյո՞ք անձի կամքին հակառակ քրեական գործով վարույթին հանրային պաշտպան ներգրավելը հետապնդում է իրավաչափ նպատակ։ Անվիճելի է, որ նման պայմաններում  իրականացված պաշտպանությունը լինելու է պատրանքային, չի կարող լինել արդյունավետ և կրելու է բացարձակ ձևական բնույթ»։ Նրան միացան նաև «Սասնա ծռերի» դատարանում ներկա պաշտպանները։ Լսելով կարծիքներն Արտուշ Գաբրիելյանը չմերժեց Սահմանադրական դատարան դիմելու պաշտպանների միջնորդությունը, բայց և այն համարեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն։  «Էս ա կարևոր պահը, ի՞նչ ոչ ժամանակին։ Էստեղ մարդիկ են նստած, որ իրենց պաշտպանները ներկա չեն, դուք վեր եք դասում Ձեզ ամեն ինչից»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։ Դատավորի պատճառաբանությունը «Սասնա ծռեր»-ի պաշտպաններին հիմք են տալիս եզրակացնելու մեկ բան. «Նախագահող դատավորն այս գործը փակուղի է մտցնում, որովհետև մի կողմից խախտվում է մեր պաշտպանյալների պաշտպանական իրավունքը, մյուս կողմից նա փորձում է հարկադրաբար ներգրավել պաշտպանների, այն դեպքում, երբ նրանք ընդհանրապես չեն տալիս իրենց համաձայնությունը»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը։ Ըստ Ինեսսա Պետրոսյանի՝ ի սկզբանե դատարանը որդեգրել է Սասնա ծռերի պաշտպաններին հեռացնելու գործելաոճ՝ նպատակ ունենալով գործն առաջ տանել օգտագործելով հանրային պաշտպանի ինստիտուտը։ Ինեսսա Պետրոսյանն ասաց. «Իրենք մտածում էին, որ Հանրային պաշտպանների միջոցով կարող էին ապահովել այդ ֆիկտիվ պատրանքային մասնակցությունը և այդպես արագ-արագ առաջ տանել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ սցենարն ուղղակի չաշխատի»։ Իսկ որպեսզի Սասնա ծռերը դատարանում ունենան իրական պաշտպաններ, սանկցիայի չենթարկված փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով կդիմեն Սահմանադրական դատարան։ «Սասնա ծռեր» խմբի 18-ի գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին։