Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրկեսի վերածելու հայրենիք ու դատարան չունեմ» ․Սեֆիլյանի գործով կալանավորված

Հասարակություն
nerses

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով կալանավորված Ներսես Պողոսյանն այսօր հերթական հեռակա զրույցն է հրապարակել Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաննների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հետ։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու՝ ոտքի չկանգնելու համար Տաթեւիկ Գրիգորյանը Ներսես Պողոսյանին,ինչպես նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի համար հանրային պաշտպան է ներգրավվել՝ Մարինե Թովմասյանին Ներսես Պողոսյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ․ «Դատավոր Տ Գրիգորյան «Ավանդույթի» համաձայն ստիպված եմ Ձեզ հետ զրուցել, ավելի ճիշտ Ձեր գործողությունների դեմ առարկել հեռակա կարգով։ Ես առարկում եմ Ձեր երեկվա դատական նիստի ժամանակ կատարած ապօրինի գործողությունների դեմ։ Ինչու՞։ Ասեմ․ 1) Դուք հարկադրաբար ինձ համար պաշտպան ներգրավեցիք, իբր թե ապահովում եք իմ պաշտպանության իրավունքը։ Ձեզ դուր եկավ, որ պաշտպանը հայտարարեց, որ օգտվելու է «լռելու» իրավունքից։ Դուք փաստաբանի պաշտպանության այդպիսի մարտավարություն երբևէ տեսե՞լ եք։ Ձեզ դուր եկավ, երբ Ձեր հարկադրած պաշտպանը հայտնեց, որ իմ դիրքորոշումը չի ներկայացնում, քանի որ իմ կողմից լիազորված չէ, իմ շահը չի ներկայացնում և ապահովում է ձևական կողմը․ ու՞մ կամ ի՞նչ է նա ներկայացնելու դատարանում։ Սա Ձեր արդարադատությու՞նն է, Դուք բավարարվա՞ծ եք ․․․ 2) Դուք սկսել եք լսել վկաներին՝ Ձեր հարկադրած պաշտպանը լռում է, ես դահլիճում չեմ։ Պահանջում եմ՝ ինձ «օգնել»՝ հարցեր տալ վկային։ Ձեզ հետ կարող եմ հեռակա զրուցել, իսկ վկայի հետ չեմ կարող։ Երկուսս էլ գիտենք՝ Դուք արդարադատություն չեք իրականացնում, Դուք հրահանգավորված պլան եք կատարում։ Այն ամենը, ինչ կատարում եք, անարգանք է արդարադատության նկատմամբ։ Ես, կինս, մայրս, 3 երեխաներս վճարում ենք Ձեր աշխատավարձը, իսկ Դուք մեր փողով մեզ ծաղրում եք։ Ես, ի տարբերություն որոշ մարդկանց, կրկեսի վերածելու հայրենիք ու դատարան չունեմ և առարկելով Ձեր գործողություների դեմ՝ պահանջում եմ, որ Դուք ևս այս ամենը կրկեսի չվերածեք։ Ես առարկում եմ Ձեր գործողությունների դեմ: Ներսես Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ, 26․08․17 Հ․գ․ - 2 Իզուր չծանրաբեռնեք հանրային պաշտպանին․ ապահովեք իմ ու իմ պաշտպաններ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի մասնակցությունը դատական նիստերին։ Ցանկացած այլ՝ օրենքից դուրս սցենար դատապարտված է տապալման։ Ես էլ Ձեր կրկեսի արտիստներից չեմ։