Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ըմբիշները պատրաստվում են Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը

Սպորտ
julfalakyan

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը վերադարձել է Բելառուսից, որտեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում «Ստայկի» օլիմպիական մարզաբազայում: Հայ ըմբիշները շարունակում են պատրաստվել օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը: «Մարզվում էինք Բելառուսի, Ղազախստանի, Լիտվայի եւ Ֆինլանդիայի հավաքականների հետ համատեղ: Հավաքը բավականին արդյունավետ էր, հիանալի մարզումներ ենք անցկացրել: Հուսով եմ, որ այն նպատակին կծառայի»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Թիմն այժմ նախապատրաստական վերջին փուլում է գտնվում: Մինչեւ տարվա գլխավոր ստուգատեսը հունահռոմեական ըմբիշները օգոստոսի 7-19-ը եւս մեկ հավաք կանցկացնեն Օլիմպավանում: «Ինձ գոհացնում է մեր կատարած աշխատանքը, մնում է եզրափակիչ հավաքը ճիշտ անցկացնենք եւ լավ մարզավիճակով մեկնենք աշխարհի առաջնություն: Մասնակից չենք նախատեսում միայն գերծանր քաշային կարգում: Մնացած բոլոր քաշերում ըմբիշներ կունենանք»,- նշեց մարզիչը: Լեւոն Ջուլֆալակյանը թիմի վերջնական կազմը կհրապարակի օգոստոսի 10-ին: