Խավարասերներ, ծռմռված ամաններ. կալանավորների 70%-ը չի ուտում ՔԿՀ առաջարկած սնունդը (տեսանյութ)
«Կոշ» Քրեակատարողական հիմնարկի խոհանոցն է. ճաշի պատրաստման տարաները հիմնականում նոր են, ճաշն ունի ախորժալի տեսք։ Բայց անմխիթար վիճակում են ջրի պահման տարաները։ Սպասքը ևս նոր չես համարի։ Իսկ ճաշի ամանները ծռմռված սաղավարտ են հիշեցնում։ Պատճառաբանում են. «Ինքը քանի որ ալյումինի ա...մյուս ամիս նոր փոխման կարիք ունեն էնտեղ շատերը»։
Խոհանոցում կարելի է տեսնել թափառող խավարասերների։ Այսպիսի պայմաններում էլ լվանում են օգտագործված սպասքը։ Կոշի պատասխանատուների խոսքով՝ խոհանոցի բարեկարգման անհրաժեշտությունն իրենց էլ տեսանելի է։ Հարցը բարձրացրել են Արդարադատության նախարարությունում և սպասում են պատասխանի։
Քրեակատարողական հիմնարկում դեռ գործում է սովետական ավանդույթը։ Զուգարանի մաքրությունը թողնված է դատապարտյալների վրա։ Ըստ հասարակական դիտորդների՝ այս գործում ներգրավվում են ճնշված ու թույլ անձինք։ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը նշում է.
«Ամեն դատապարտյալ չի, որ զուգարան կմաքրի, այնտեղ պատվի հարց է համարվում։ Միայն որոշակի անձանց են զուգարան մաքրելու աշխատանքները տալիս։ Դա նվաստացուցիչ է համարվում ՔԿՀ-ի համար»։
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ Տիգրան Սահակյանը պատասխանում է. «Դատապարտյալն ինքնուրույն է ընտրում աշխատելու իրավունքը, այսինքն՝ այսօր դատապարտյալին չեն ստիպում աշխատել»։
Բայց ՔԿՎ պաշտոնյան չի մանրամասնում՝ ո՞րն է զուգարան մաքրելու մոտիվացիան, եթե անգամ դա վճարովի է և հանգեցնելու է ստորացուցիչ դիրքավորման մյուս կալանավորների աչքում։ Լուծումը կարող է բանակի օրինակը լինել, երբ զուգարան մաքրում են քաղաքացիական անձինք։ Ինչո՞ւ այդպես չի արվում։ Հարցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Հակոբյանն ասում է. «Մարդիկ հրաժարվում են ներս գործել ռեժիմային գոտի»։
Հայաստանի կալանավորների 70%-ը չի ուտում Քրեակատարողական հիմնարկի առաջարկած սնունդը։ Կալանավայրում սննդի պատրաստումը դատապարտյալների վրա է։ Դիտորդների գնահատմամբ՝ պատրաստված ուտելիքը հաճախ ուտելի չէ. «Մարդիկ կան, որ ասում են, որ եթե երկարատև ուտում ենք, յուղն ա ինչ ա, իրենց մոտ այտուցներ են առաջանում ստամոքսի ու բժշկական որոշակի խնդիրներ»,- պատմում է Ռոբերտ Ռևազյանը։
Հարցը լուծվում է ընտանիքների բերած պաշարների հաշվին։ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի անդամ Ռուբեն Սարգսյանն ասում է. «Հիմնավորումը հետևյալն է գալիս, որ դրանք ուտելու չեն։ Կան հիմնարկներ, որ բավականին դատապարտյալներ օգտվում են։ Հիմնականում դժգոհությունը գալիս է Նուբարաշենից, Վարդաշենից, Երևան Կենտրոնից»։
Կառավարության վերջին որոշմամբ կրճատվեց կալանավորներին տրվող սննդի ցանկը, անգամ հացը քչացավ։ Դատապարտված կանանց օրական հասնում է 2200, տղամարդուն՝ 2500 կիլոկալորիա սնունդ։ Հիմնավորումը, որ սնունդը կրճատում են, քանի որ կալանավորները չեն օգտվում դրանից, հասարակական դիտորդներին հասկանալի չէ։
«Երբ այցելում ենք ՔԿՀ-ներ, ճաշացանկը նայում ենք, կար հիմնարկ, որ ամեն օր շոգեխաշած թթու էր ճաշացանկի մեջ, պարզ է, որ պետք է չուտեին, կամ մակարոն և կարտոֆիլ՝ 6 օրը նախաճաշին, մեկ օր կարող է երեկոյան տրվեր։ Կարող է ձևականորեն ասվել՝ մենք կալորիան պահպանում ենք, բայց բազմազանությունը չկա»,- ասում է Ռոբերտ Ռևազյանը։
Դիտորդների գնահատմամբ՝ արծարված խնդիրների լուծումը շատ դեպքերում դուրս է կալանավայրերի ղեկավարության տիրույթից։ Անհրաժեշտ է Արդարադատության նախարարության միջամտությունն ու հոգատար վերաբերմունքը ազատազրկված անձանց նկատմամբ։