«Ձեր գրպանները թափ տվեք՝ Սաշիկի, Քոչարյանի հետ մի քիչ զենք առեք». ակցիա (տեսանյութ)
«Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներից Նորիկ Ղահրամանյանն իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու նոր ձեւ է գտել՝ շվվացնում է պաշտոնյաների հետեւից. «Վերջերս, որ Սերժ Սարգսյանը եկել էր, նրա հետեւից շվացրել եմ, եւ անվանել եմ բայաջի: Էդ բառը հնդկական Չաքուրի կինոյի միջից է՝ ինչ տեսնում ենք, ինչ լսում ենք, այն էլ ասում ենք»: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող բազմաթիվ խմբերի մեջ նաիրիտցիներն ամենաբազմամարդն են: Թեեւ «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթաց է սկսվել, սակայն նախկին աշխատակիցները հույսը չեն կորցնում, որ քիմիական երբեմնի հսկան կվերագործարկվի: «Մենք, միեւնույնն է, մեր ուժերի վրա վստահ ենք, եւ մենք անելու ենք ամեն ինչ»,- վստահեցնում է «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը: Արտաշատից Արսեն Ավետիսյանն ապրիլյան պատերազմի մասնակից է՝ կամավոր, Կառավարության շենքի մոտ էր եկել մեծ ցուցապաստառներով, որտեղ հատ առ հատ նշված էր Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրա եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքը. «Այս ամենն ուղարկել եմ ՊՆ, Սերժ Սարգսյանին էլ եմ գրել, իմիջիայլոց: Գրել եմ, պարոն նախագահ, ձեր գրպանները թափ տվեք մի քիչ՝ Սաշիկի, Քոչարյանի հետ, մի քիչ զենք առեք էս ժողովրդի համար: Զենքերի բոլոր տեսակները ուղարկել էի: Պատասխանը ստացա, որ ձեր նամակը ուղարկել ենք ՊՆ»: Կառավարության մոտ հավաքված 140 դերձակ կանայք էին մի քանի տարի առաջ կարում ոստիկանների համազգեստը, սակայն Կոնտինենտեքս գործարանի փակվելուց հետո 4 տարի է՝ ոչ միայն առանց աշխատանքի է մնացել, այլեւ նրանց չեն վճարել ութ ամսվա աշխատավարձը՝ շուրջ 33 մլն դրամ: «Ոչ ոք չի ասում՝ չեք ստանա, բոլորն էլ ասում են՝ կստանաք, համբերեք, գործընթաց է, որ կատարվում է: Հիմա այդ համազգեստները կարում են Ազատյանի կարի ֆաբրիկայում՝ Քանաքեռ: Դե, երեւի, ինչ-որ մեկն այնտեղ կար, որ ուզում էր՝ հենց նա կարեր... ով չգիտի՝ որը, ոնց է»,- նշում է նախկին աշխատակից Գոհար Թամամյանը: Բանակում 7 տարի առաջ խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի մայրը չի դադարում ամեն հինգշաբթի գալ Կառավարության շենքի մոտ եւ պահանջել արդար քննություն՝ իր որդու մահվան հանգամանքների վերաբերյալ: «Իմ տղային սպանել են, իրենց վարկածը եղել է այն, թե ուղեղի մեջ առաջացել է ուռուցք, սակայն առ այսօր ոչ մի դատաբժշկական փորձաքննություն չի եղել: Այն, ինչ իմ տղային սպանել է իր հրամանատար՝ Ջհանգիրյան Մարտինը, որովհետեւ իմ տղան եղել է հետախույզ, շատ բաներ է տեսել ու այդ գաղտնիքները ինքը չպետք է բերեր տուն»,- վստահեցնում է Իրինա Ղազարյանը: Դալմայի այգիների սեփականատերերի պայքարն արդեն 14 տարվա վաղեմություն ունի: Այս ընթացքում ներդրող կազմակերպությունից հողօգտագործողները որոշակի փոխհատուցում ստացել են: «Շատ տատանվող գներով ենք ստացել՝ 1 դոլար՝ քառ. մետրից սկսած մինչեւ 25 դոլար՝ նայած գնորդը ինչպես է վերաբերում հողօգտագործողին: Սակայն դա հեղհեղուկ վիճակ է: Մնացել ենք 11 հոգի, նրանց հարցը դեռեւս կազմակերպված չէ: Մարդիկ կան, ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել»,- ասում է Սուսաննա Ներսիսյանը: Կառավարությունից, ինչպես նախորդ բողոքի ակցիաների դեպքում, այս անգամ եւս որեւէ ներկայացուցիչ դուրս չեկավ, չլսեց նրանց պահանջը: