Լոռեցի կանայք ստեղծում են love թեյ
Լոռու մարզի բարձրադիր շրջաններից հավաքված ծաղիկները խառնվում են եւ թեյ դառնում։ Մարզի 200 կանայք ստեղծում են «Լավ թեյը», որը ներկայացնում է դաղձ, ուրց, խնկածաղիկ, պատրինջ եւ այլ բույսեր: Այս կանայք աշխատակիցներն են մի սոցիալական ձեռնարկության, որը ստեղծել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան։ Ընկերությունը ստեղծվել է գործազուրկ եւ խոցելի խմբերի կանանց աշխատանքով ապահովելու նպատակով։
Թեյի անունը պատահական չի ընտրվել։
«Իրենք իսկապես լավ թեյեր են,- ասում է ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը,- Բայց նաեւ կա բառախաղ անգլերենից ՝ Love թեյ / սիրո թեյ/ , քանի որ սիրով է հավաքվել, սիրով է չորացվել, սիրով է փաթեթավորվել»։
Դեռեւս թեյարտադրության սոցիալական այս ձեռնարկության աշխատակիցները Լոռու մարզի չորս համայնքների ներկայացուցիչներ են, բայց շուտով ընկերությունը կընդլայնի աշխարհագրությունը՝ ներգրավելով այլ մարզերի կանանց։
Ի դեպ, «Լավ թեյը» ներկայացված էր Ենոքավանում հուլիսի առաջին օրն անցկացված «Հայ բույս» փառատոնում։
