Հույսը երկինքն է (տեսանյութ)
Երբ դեռ մութ է, ու բոլորը քնած են, Արմավիրի Ջրաշեն գյուղից Վարդան Վարդանյանը գալիս է դաշտ աշխատելու։ Գիտի ձմերուկ աճեցնելու բոլոր գաղտնիքները. «Ամենավտանգավոր բանն է, երբ որ սխալ ջուր ես տալիս, և ամենալավն ա, երբ որ ճիշտ ջուր ես տալիս։ Եթե սխալ տվեցիր ձմերուկը էն բույսն ա, որ չի ներում։ Պետք ա իմանաս՝ ինչ կարգի ջուր տաս՝ բարձր, ցածր»։ Արարատյան դաշտին հատուկ շոգը ստիպված է անտեսել։ Պետք է քաղհանը շուտ ավարտի։ Ձմերուկի աճեցման գործում ջուրն ամենակարևորն է։ Ի տարբերություն հարևան համայնքների, Ջրաշենում ջրի խնդիր չկա ու այդտեղից էլ որպես ձմերուկի գյուղ է հայտնի. «Քաղհանում ես, բույսը թուլանում ա, թուլանալուց հետո ինքը ջուր ա ուզում, որ ամրանա։ Չգիտես գործիքը որքան խորն է գնացել, ջուրը պետք է փակի էդ վերքը։ Արագ ա պետք ջրել»,- պատմում է Վարդանը։ Ձմերուկի մշակումը Վարդանի հիմնական գործը չէ։ Այս տարի չկարողացավ Ռուսաստան արտագնա աշխատանքի գնալ, ու որոշեց հողը անտեր չթողնել։ Պարտքերը պիտի փակի. «Եթե մի 15-20 տոննա ձմերուկ չհանեմ, կտուժեմ։ Այսինքն՝ աշխատեցիր ծախսերը հանես, ոչ թե աշխատեցիր, որ դեմը ձմեռ ա, մի բան հետ ընկավ ձմեռը հացի, գազի, ջրի հարց լուծես։ 100 ռուբլի դրել ես, որ 200-300 ռուբլի առնես, որ պիտի 100 ռուբլի դնես 100 առնես, էտի շուն առնել ծախելա»։ Մասիսի ֆոնին փռված հողը իրենը չէ, ընկերոջից է վարձակալել։ Այս տարի սպասում է առատ բերքի։ 4-5 տարի է՝ Ջրաշենում չի եղել։ Վարդանը ասում է. «Վարկերի պատճառով Ռուսաստանում եմ եղել, 5 տարվա մեջ 3 անգամ եմ տուն եկել-գնացել, մտածում ենք, եթե երկնքից վնասներ չկրենք, հարցեր կլուծվի»։ Գյուղացին մենակության է մատնված, պնդում է Վարդանը. «Ոչ մի օգնություն..., բացի ամեն օր հարկերի մասին հայտարարություններ ուղարկելուց, էդ ա իրենց օգնությունը։ Մենակ է, քանի որ հող մշակելու համար գումարները չեն բավարարում։ Օրինակ՝ պարարտանյութը մինչև գործարանից իրենց է հասնում, գինն ահագին թանկանում է. «Անշուշտ թանկ է, որովհետև ասենք պետությունն ինքը դա բերի առաջին ձեռք տա գյուղացուն, ավելի էժան կլինի, քան թե 3-4 հոգու ձեռքով ա գալիս»։ Ու քանի դեռ մենակ են, գյուղացիները նայում են վերև՝ հույսը դնելով երկնքի ողորմածության վրա։