Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում. նախարար

Հասարակություն
davit-tonoyan

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց իրենց հաշվետվությունը։ Նրան հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը` հետաքրքրվելով. «Ինչ անելիքներ կա՞ն Արցախի մասով։ Արագ արձագանքման համակարգի առումով ի՞նչ եք անում»: Դավիթ Տոնոյանը նշեց, որ Արցախի հետ փոխլրացնող գործընկերային համագործակցություն կա. «Եթե հնարավորություն է ընձեռնվում, համատեղ ծրագրեր ենք իրականացնում. Վաղ ազդարարման հետ կապված, արդիականացվում են մասնավորապես՝ շչակների տեղադրմամբ սահմանամերձ բնակավայրերում, տեղադրում ենք հեռախոսային ու ռադիոկապ, նաեւ միջազգային աջակցությամբ»: «Այսինքն, մենք կարողանում ենք հանդես գալ որպես մի համակարգ, փոխլրացնել միմյանց»,- ճշտեց Միհրան Պողոսյանը։ «ՀՀ-ն եւ Արցախը աշխարհաաղետային նույն գոտում են գտնվում։ Չկա քաղաքական սահմաններ ՀՀ հետ, դրա համար համագործակցությունը ավելի հեշտ է Արցախի հետ»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը։ Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց կեղծ զանգերի բարձր ցուցանիշներից` որքան գումար է ծախսվում` դրանց արտահանելու համար։ «Կեղծ զանգերը խնդրահարույց են նյութական միջոցների վատնման առումով։ Դա ուղղակի հոգեբանական պահ է։ Արագ արձագանքման խումբը գնում է, խաչաձեւ հարցում է անում, մոտենում են հոգեբանները, պարզում են իսկությունը իրավիճակի։ Հետախուզական խմբերի արձագանքը ավելի էժան է. գնում են, ճշտում են, հետո միայն ծանր տեխնիկան է մոտենում»: Ելք դաշինքի մեկ այլ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հարցը վերաբերում էր ապաստարաններին. «Մեր քարոզարշավի ժամանակ Երեւանում հանդիպեցինք ապաստարանների, որ բետոնե շերտով էին ծածկված, ավտոտնակներ էին կառուցվել դրանց վրա։ Ինչ-որ մոնիթորինգ կա՞ դրանց վերականգնման կամ նորերի կառուցման առումով»: Դավիթ Տոնոյանը նշեց, որ այդ ապաստարանները ժամանակին են կառուցվել, սառը պատերազմի արդյունք են. «Այժմ արդեն ռազմաքաղաքական իրավիճակը փոփոխվել է։ Հիմա արդեն առաջին անհրաժեշտության ապաստարաններ են կառուցվում կամ վերանորոգվում։ Մետրոպոլիտենը կա, որտեղ անցկացվելու է վարժանք։ Ֆինանսական հիմնական միջոցները ուղղվելու են սահմանամերձ համայնքներ, որտեղ կառուցվում է համապատասխան ապաստարանների ցանց»։ ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մտահոգում էր շենքերի սեյսմիկ կայունության խնդիրը, վերելակների խնդիրը. «Առաջին վտանգի դեպքում անդառնալի կորուստներ կունենանք։ Մոտ ժամանակներում ինչպիսի՞ առաջարկներ են ներկայացվել կառավարություն, որ խնդիրը կարգավորվի»: «Տեխնիկական անվտանգության ոլորտում բարձրացված խնդիրները մի քանի գերատեսչությունների պատասխանատվության տակ են։ Վերելակների հետ կապված քաջություն կլինի իմ կողմից ասել, բայց դրանք պետքէ դառնան համատիրությունների խնդիր, ոչ միայն պետության»,-կարծիք հայտնեց նախարարը։ Ալիկ Սարգսյանը նկատեց` համատիրությունը չի կարող նման ֆինանսական միջոցներ ունենա. «Աստված մի արասցե...1988թ երկրաշարժ ենք տեսել, այդ պատճառով անհանգստության շեփոր եմ հնչեցնում։ Դա անհետաձգելի հարց է»: «Եւ կշեփորենք միասին»,-ժպիտով ավելացրեց Դավիթ Տոնոյանը։ Այնուհետ, լրագրողների հետ ճեպազրույցում, նա լիովին հնարավոր համարեց ոստիկանության միավորումը իր ղեկավարած նախարարության հետ. «Սուպեր նախարարությունների հարց չի դրված օրակարգում»: