Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4 հակափաստարկ՝ Սևանի ջրառի առնչությամբ (տեսանյութ)

Հասարակություն
sevan-nkar

Հուլիսի 4-ին Ազգային ժողովը կքննարկի Սևանա լճից 100 միլիոն խմ ջրառ կատարելու մասին կառավարության առաջարկը։ Սա բարձրացրել է բնապահպանների զայրույթը, որոնք այսօր հայտարարեցին ՍՕՍ Սևան շարժման մեկնարկի մասին։ Սևանից այս ծավալի ջուր վերցվել է նաև 2008, 2012 և 2014 թվականներին, բայց այս անգամ Ջրային պետական կոմիտեի ներկայացրած հիմնավորումներն իրենց մեջ  ճշմարտության հատիկ չունեն՝ վստահեցնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։ Նա ներկայացնում է 4 հակափաստարկ.

  • Առաջինը՝ բացատրվում է, որ մեր ջրամբարները կիսադատարկ են։ Բերված չէ ջրամբարների լցվածությունը, որ մենք կարող ենք հասկանալ, թե դրանք ինչ տենդեց ունեն, իրո՞ք կիսադատարկ են, թե՞ կիսադատարկ չեն։ Ոչ մի բացատրություն չկա։
  • Հիմնավորվում է, որ մենք պետք է ապահովենք Արարատյան դաշտի ավելորդ ոռոգումը, բերվում է երեք համայնքի անվան, և ոչ մի խոսք չկա, թե այդ համայնքը ինչ կարիք ունի, ինչ տարածություն ունի, և ինչքան ջուր է պետք այդ տարածքի ոռոգման համար։
  • Գրված է, որ Սևանից վերցվող ջուրը պետք է օգտագործվի էներգետիկ նպատակով, և տարբեր տվյալներ են բերվում։ Մենք գիտենք, որ  ջրային օրենսգրքի համաձայն, ջուրն օգտագործվում է էներգետիկ նպատակով վերջին հերթին։ Սկզբում պետք է ապահովես խմելու ջուր, ոռոգման ջուր... հետո նոր էներգետիկ նպատակներով օգտագործես։ Բայց ոչ մի խոսք չկա, երբ ջուր ես վերցնում, դու ո՞նց ես ապահովում առաջին պահանջները, իրո՞ք որ ջուր ես վերցնում, չեն տուժում խմելու, ոռոգման ջրի պաշարները։ Ազդեցության մասին ընդհանրապես խոսք չկա։
  • Նախորդ անգամները, երբ էլի Սևանից ջրառ էր կատարվում, մասնակցել ենք ԱԺ-ի և Ջրային պետական կոմիտեի կազմակերպած հասարակական լսումներին, հասարակությունն իր արգումենտներն էր բերում, իսկ հիմա հասարակությունն ընդհանրապես չկա, ոչ ոք ոչ մի լսում չի անցկացրել։
Ինգա Զարաֆյանը առավել զարմացել է մեկ փաստից՝ Սևանից ջուր վերցնելու որոշումը կայացնելիս Կառավարությունը չի հիմնվել Բնապահպանության նախարարության բացասական եզրակացության վրա։ Սա, ըստ բնապահպանների, ևս մեկ անգամ հաստատում է՝ Սևանից ջրառի կատարումը անհիմն է և անթույլատրելի։