Լրագրողները խանգարո՞ւմ են բռնարարներին (տեսանյութ)
Լրագրողների նկատմամբ բռնությունները Հայաստանում արդեն օրինաչափություն է դարձել։ Դրան զուգահեռ՝ ավանդույթ է դառնում բռնարարաներին քրեական պատժի չարժանացնելը։ Դիցուք՝ 2015-ի հունիսի 23-ի Էլեկտրիկ Երևանի դեպքը, երբ տուժեց 20 լրագրող ու օպերատոր, բայց միայն 4 դեպքում վարչական տույժ դրվեց բռնարարների վրա։ «Ունենալ 15-17 գործեր, որ դեռ նախաքննության փուլում են, և այդ ընթացքում մեկ կամ երկու քննչական գործողություն, այն էլ միայն տուժողի հարցաքննություն, դա բնականաբար, բավարար չէ»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ Երկու տարին ողջամիտ այն ժամկետն էր, որն իրավապահներին բավարար էր ավարտելու գործերի նախաքննությունը։ Իսկ թե ինչու գործերը դատարան չեն հասնում, ունի կոնկրետ պատճառ։ «Եթե 1 կամ 5-6 գործ լիներ, կասեի միտում չէ, բայց եթե մենք ունենք 2 տասնյակ գործ, կարող եմ ասել, որ դա տարբերակված մոտեցում է։ Քննությունը դանդաղ է իրականացվում, քանի որ դա առնչվում է լրագրողներին»,- ասում է Արա Ղազարյանը։ Սասնա ծռերի գործողություններից հետո, հավաքների ժամանակ տուժած երեք լրագրողի գործ արդեն Եվրադատարան է հասել՝ գրանցվելով քննության համար։ Միջազգային ատյաններին ապավինելը հայաստանյան քննչական մարմինների անգործության հետևանք է, վստահ է իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը. «Կան բազմաթիվ վիդեոտեսանյութեր, որտեղ լրագրողները ուղղակիորեն հասցրել են ֆիքսել իրենց նկատմամբ բռնություն իրականացնող անձանց, բայց այդ անձինք ներկայումս ընթացող քննության շրջանակներում երբևէ չեն նույնականացվել, առերեսում չի իրականացվել»։ Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանն անձամբ է զբաղվում 2016-ի հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանական բռնություններից տուժած լրագրողների իրավունքների պաշտպանությամբ։ Վստահեցնում է՝ իշխանությունն է հովանավորում բռնարարներին։ «Նախապես ոստիկանությունը ստանում է հրահանգ առաջինը կամ ընթացքում թիրախավորել լրագրողներին, և դրանով հանդերձ՝ ոչնչացնել կարևորագույն ապացույցներ իրավախախտումների վերաբերյալ, և բնականաբար՝ ակնկալել, որ քննությունը պատասխանատվության առաջ կկանգնեցնի մեղավորներին, ուղղակի միամտություն է»։ Արդյո՞ք լրագրողները պաշտպանված կլինեն, եթե քաղաքական հավաքների ժամանակ տարբերակիչ հանդերձանք կրեն։ Լրագրող Թեհմինե Ենոքյանն իր կարծիքն ունի. «Դա ավելի շատ թիրախավորման է տանում, որովհետև շատ դեպքերում պետք չի, որ ֆիքսվի լրագրողը։ Երբ որ տեսնում են, որ լրագրող է, իրեն չեզոքացնում են կամ իր աչքի առաջ բռնություն չեն իրականացնում»։ Հայաստանում լրագրողների օրինական մասնագիտական պարտականությունների խոչնդոտման, բռնությունների 100-ից ավելի դեպք է գրանցվել, սակայն միան 2-ն է Եվրադատարանը քննել։ Փորձագետների գնահատմամբ՝ անպատժելիության մթնոլորտը պատճառ է դառնում, որ լրագրողները խուսափեն իրավական պրոցեսներից՝ ավելորդ քաշքշուկների մեջ չընկելով։