Երևանի մետրոն կառուցած ընկերությունը 4 տարբերակ է առաջարկում (տեսանյութ)
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում տեղի ունեցավ Մետրոպոլիտենի նոր կայարանների ստեղծման հնարավորություններին նվիրված նիստ: Քննարկմանը ներկա «Արթուն» ԲԲԸ տնօրեն Հմայակ Հարությունյանը, որի ղեկավարած հիմնարկն է ժամանակին ամբողջությամբ կառուցել Երեւանի մետրոն, ինչպես նաեւ՝ եղած բոլոր թունելները, նշեց. «Գիտակցելով հանրապետությունում ֆինանսական բոլոր բարդությունները՝ մենք առաջարկում ենք 4 տարբերակ՝ յուրաքանչյուր տարբերակում համեմատաբար էժանացնելով ծախսերը, սակայն նպատակը մեկն է՝ ուղեւորի համար լինի ավելի հարմարավետ կայարաններ»: Պարոն Հարությունյանը խոսեց մի շարք մտահոգիչ հարցերի մասին՝ կապված հիմնականում տենդերային մրցույթների հետ. «Այսօր Մետրոպոլիտենում դրենաժային թունել է կառուցվում՝ Ռոսիայից դեպի Հրապարակ կայարան, որը շատ անհրաժեշտ է, քանի որ այդ մասերում հսկայական ջրի քանակ ունենք, բայց դա անում է իսպանական մի կազմակերպություն: Ես փորձեցի գտնել՝ ինչ թունելագիտական կազմակերպություն է, այդպես էլ չիմացա: 2015թ. մտել է այդ կազմակերպությունը, 800 մետր, այն էլ՝ փոքր հատույթով թունելը այսօրվա դրությամբ խարխափում է, իսկ մեր նմաններն էլ սոված շան պես ապրում ենք: Դրա փոխարեն մենք առաջարկում ենք քայլեր, որ մենք աշխատենք ու հսկայական մեր տնտեսությունը չկործանենք»: