Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որսագողերը կամ պաշտոնյաներ են, կամ՝ գումար ունեցող մարդիկ» (տեսանյութ)

Հասարակություն
gnishik

Բնության պահպանությամբ եւ ճիշտ հողօգտագործմամբ հնարավոր է վերադարձնել հայկական մուֆլոնին։  Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը Գնիշիկ, Արենի, Խաչիկ համայնքներում իրականացնում է էկոլոգիական միջանցքների ինտեգրում եւ ընդլայնում՝ ընձառյուծ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ տեսակների անվտանգ միգրացիայի համար: «Եթե արոտը չի օգտագործվում, տարիների ընթացքում կենսաբազմազանությունը կորում է, եւ կան դոմինանտ բույսեր, որոնք սկսում են խեղդել մնացած բույսերին: Դրա համար պետք է անպայման արածացվի, որ արոտների վիճակը լավանա»,- ասում է WWF Armenia-ի տնօրեն Կարեն Մանվելյանը: Եթե 10 տարի առաջ կար ընդամենը 85 բեզոարյան այծ, ապա «Գնիշիկ» համայնքային պահպանվող տարածքի ստեղծմամբ նրանց թիվն արդեն  350-ից ավել  է: Որսագողության դեպքեր կան, սակայն Գնիշիկի պահպանվող տարածքից դուրս:«Գյուղացին այսօր ժամանակ չունի որս անելու: Ով դա անում է, նրանք հիմնականում պաշտոնյաներ են կամ ինչ-որ գումար ունեցող մարդիկ են»,- նկատում է Կարեն Մանվելյանը: «Եթե չլինեին որսագողության, օրենքի խախտման դեպքեր, ապա ինչի համար էին պետք այս պահպանվող տարածքները: Էկոոստիկանությունն ավելի ուժեղացնելու է հսկողությունը: Պահպանվող տարածքի տեսուչն այսօր իրավունք չունի ակտ գրելու, այլ միայն արձանագրություն կարող է կազմել ու տալ իրավապահ մարմիններին կամ բնապահպանական տեսչությանը»,- նշում է Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արամ Աղասյանը:             Խաչիկ գյուղը էկոմիջանցքի մի հատվածն է: Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ հիմնադրամը WWF Armenia-ի հետ համատեղ կենսաբազմազանության զարգացման համար համայնքին 2013թ.  անհատույց տրամադրում է պտղատու  տնկիներ:  Գյուղում  ոռոգման ջրի խնդիր  կա։ «Եթե մենք ջրամբարն այսօր ունենում ենք, էլ խնդիր չենք ունենա: Կունենանք 500 հազար եւ ավելի խմ տարողունակությամբ, որը կբավականացնի մեր այս 200 հեկտարի լիարժեք ոռոգման համար: Մտադրված ենք հիմնել մի 100 հա պտղատու այգի»,- վստահեցնում է Խաչիկ գյուղի գյուղապետ Վարդան Ներսիսյանը:             Ջրամբար ունենալու հարցը բարձրացրել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը: Առ այսօր որեւէ արձագանք չկա: «Մոտավոր հաշվարկով այն արժե 1-2 մլն դոլար: Մի մտածեք՝ դա մեծ գումար չէ նման համայնք ունենալու, հզորացնելու համար: Մեր համայնքը հանդիսանում է նաեւ մեր երկրի դարպասը»,- նկատում է Վարդան Ներսիսյանը:             Անկախ ջրի խնդրից՝ այգեգործ Ալեքսան Մկրտչյանը փորձում է ընդլայնել իր այգին: Հիմնադրամի կողմից նրան հատկացվել է 60 խնձորենի, նույնքան էլ նա է ավելացրել ու արդեն ունի գոհացուցիչ արդյունքներ: «Անցյալ տարի մոտ 30 հատ խնձոր եմ քաղել: Առաջին բերքն է, դրա համար եմ հաշվել: Անցյալ տարի 5 ծառ էր ծաղկել, այս տարի արդեն 15-ը: Մոտիկից, որ նայեք, արդեն փոքրիկ խնձորներ կան»,- ժպտալով պատմում է Ալեքսան Մկրտչյանը: Համայնքի բնակիչները վստահեցնում են՝ իրենք երկու մեծ աղբյուր ունեն, որոնք վարարումների ժամանակ անիմաստ հոսում են դեպի Նախիջեւան: Եթե Կառավարությունը հաստատի ջրամբարի ծրագիրը, ապա այդ աղբյուրներով հնարավոր կլինի լցնել այն: