Առաջարկվում է փախստականների թանգարան հիմնել (տեսանյութ)
Փախստականների օրվան ընդառաջ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գարդմանից, Նախիջեւանից ԼՂ հակամարտության սկզբում ՀՀ եկավ 420 հազարից ավելի փախստական, որոնցից հազիվ 70 հազարն է մնացել. «Այս փախստականներն ունեն լիարժեք միջազգային իրավունք` ապրելու ազատագրված տարածքներում, սակայն այդ տարածքներն այսօր անվանակոչվել են օկուպացված։ ՀՀ մեր երեք նախագահների ժամանակ տարվում էր մի քաղաքականություն, որ բացարձակ մոռացել են 660 հազար հայ փախստականների մասին։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի տարի առաջ մի աշխատություն հրապարակեց` «Անջատում` հանուն փրկության»։ Մենք հանդիպեցինք նրանց փաստաբանների հետ, քանի որ այդ աշխատության մեջ անդրադարձ չկար այս փախստականներին»: Նա նշեց նաեւ, որ իրենց իրավունքների վերականգնման համար հանդիպում են դեսպանատների հետ, այս ուրբաթ գնալու են ԱՄՆ դեսպանատուն. «Մենք պետք է բարձրաձայնենք այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները հիմնվում են ճգնաժամային խմբի վրա, որտեղ չի նշվում փախստականների մասին։ Մեր պետությունը այլընտրանքային տարբերակ չի առաջադրում մադրիդյան սկզբունքներին։ Հայ քաղաքական դաշտում ընդդիմադիր գործիչ չտեսանք. մարդիկ կան` խոսում են ոչ մի թիզ հողի մասին, սակայն դա չի հիմնավորվում քաղաքական դաշտում։ Եթե Մինսկի խմբի հետ խոսելիս ոչ մի թիզ հողի մասին խոսեն, նրանք այլ հիմնավորումներ կմեջբերեն, ու այդ քաղաքական գործիչներն էլ բան չեն կարողանա ասել։ Եթե փախստականի կարգավիճակը չես ճանաչում, ապա տարածքը դառնում է օկուպացված»։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանն իր հերթին նշեց` փախստականների թեման այնքան էլ ակտուալ չէ, ու դա իշխանությունների մեղքով է։ Դա աններելի եմ համարում։ Այն, ինչ կարող են անել իշխանությունները, չեն անում։ Հասարակությունն էլ ճնշելու մեխանիզմներ չունի, որ իշխանությունն աշխատի։ Կարծում եմ` փախստականներին մշտապես պետք է հաշվառել»։ Փախստականների մասին բարձրաձայնելու եւ նրանց վրա մշտապես ուշադրություն հրավիրելու համար բանախոսները կարեւորում են մշակութային պահպանությունը, եւ դեռ 2013թ. որոշել են Երեւանի կողքի որեւէ քաղաքում` նախընտրելի է Կոտայքի մարզում, Փախստականների թանգարան հիմնել։ Մինչ օրս որեւէ արձագանք չկա։ Ըստ բանախոսների` թանգարանի համար տարեկան շատ քիչ ծախս կպահանջվի` 10 մլն դրամից պակաս գումար։ Մարիամ Ավագյանն, առանց անուններ տալու, նաեւ ավելացրեց. «Հանդիպել եմ պետության 3-րդ դեմքի հետ, դիմեցի իրեն, ու նա բացի ծամոն չպչպացնելուց, այլ բան անել չգիտեր, կարծես թե Բաքվի հայ լինելը մեկ այլ որակ է։ Վարչապետին նամակ գրեցի։ Պատասխան չկա։ Ցիկլի մեջ ենք ընկել` մեկը մյուսի վրա է պատասխանատվությունը։ Հնարք ունենանք, ՀՀ նախագահին եւս տեղյակ պահենք։ Ում ասում ենք մեր ծրագրերի մասին, ասում են` դե, ասա, թուրքին լավացնող պրոյեկտ է, էլի»։