Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևան-Բաթումի-Երևան` «Արմենիա» ֆիրմային գնացքով

Հասարակություն
726313

Հունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ամառային ուղևորափոխադրումների սեզոնը, և Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնել է այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը, որով Վրաստանի առողջարաններ է ուղևորվել 128 մարդ: Հունիսի 15-ի դրությամբ ընդհանուր առմամբ վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 1280 տոմս: Գնացքն աշխատելու է ամեն օր՝ մինչև հոկտեմբերի 1-ը՝ Երևանից մեկնելով ժամը 15:30-ին: Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:  Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև «ՀԿԵ»-ի կայքում՝ www.ukzhd.am:    Տոմսերի գները մեկ անձի համար տատանվում են 10 070 դրամից մինչև 26 390 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:  Ինչպես նշում է «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, ֆիրմային գնացքի վագոնները հագեցած են օդափոխիչներով, համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Անվտանգությունն ապահովում են Ոստիկանության աշխատակիցները: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:  2016  թվականին «Արմենիա»  ֆիրմային գնացքի ուղևորների թիվը կազմել էր 43 750՝ 2015 թվականի հետ համեմատ աճելով 10 հազարով, իսկ 2008-ի հետ համեմատ՝ ավելի քան 5 անգամ: 2008 թվականին ուղևորների թիվը կազմել էր 8,6 հազար:      «ՀԿԵ» ՓԲԸ-ն   «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: