Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կալանավայրում կա միայն ջերմաչափ եւ ճնշում չափելու գործիք» (տեսանյութ)

Հասարակություն
bujognutyun

«Քրեակատարողական հիմնարկներում  բուժօգնության մակարդակը մտահոգիչ է, իսկ կալանավորված կամ դատապարտված անձի թիվ մեկ պատասխանատուն պետությունն է, ում իրավազորությունների սահմաններում գտնվում է անձը»,- հիշեցնում է  Արայիկ Պապիկյանը: Հելսինկյան ասոցիացիայի ուսումնասիրությունների համաձայն՝   ՔԿՀ-ներում  ոչ միայն  համապատասխան մասնագետներ չկան, այլ նաեւ դեղորայք: «Օրինակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնագետներ չունեն  եւ նրանց ամբողջ զինանոցը բուժսարքավորումների առումով ՝ հավանաբար  ջերմաչափն է եւ ճնշում չափելու գործիքը»,- ավելացնում է փաստաբանը: Նույնիսկ գլխացավի դեղը  հարազատներն են բերում ՔԿՀ. «Գնացեք,  կանգնեք Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց եւ կտեսեք ինչքան դեղամիջոց են բերում: Մարդիկ չեն ասի, որ իրենք բերում են, որպեսզի ներսում իրենց հարազատներին վնաս չտան, բայց ամեն երկրորդը,  եթե դեղի կարիք ունի, ուղարկում են այդ դեղը»,- ասում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը:   ՔԿՀ պաշտոնական տեղեկանքի համաձայն՝  Սասնա ծռեր խմբի անդամ Արմեն Լամբարյանը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում  ամիսներ շարունակ բուժօգնություն է  ստացել։ Երբ այդ մասին Արմեն Լամբարյանը տեղեկացել է, զարմացել է. «Ամիսներ շարունակ իր մոտ ոչ ոք չէր մտել  բուժօգնություն ցուցաբերելու,  վարչությունը իրականության չհամապատասխանող տեղեկություն է տարածում: Երբ անձը տեսավ, իրեն ինչ բուժօգնություն է ցուցաբերվում, ինքն ուղղակի ապշած  էր մնացել»,- նշում է Արայիկ Պապիկյանը: Իսկ Նինա Կարապետյանցն ավելացնում  է. «Թղթի վրա այդ ամենը շատ գեղեցիկ գրված է, բայց իրականության հետ որեւէ կապ չունի՝ փաստաթղթերի  վրա գրված են բուժումներ, դեղորայքներ, հետազոտություններ, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն»: Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները թվարկում են անազատության մեջ բուժօգնություն չստացող անձանց անունները:  Փաստաբան Արայիկ Պապիկյանը  համոզվել է՝ անազատության մեջ գտնվող անձանց պարզապես չեն ցանկանում համապատասխան բուժօգնություն տրամադրել: «Կարող եմ ենթադրել, որ այնտեղ կան կոռուպցիոն մեծ ռիսկեր, գումարները հատկացվում են, սակայն դրանք առարկայական նպատակին չեն ծառայում»:     Հելսինկյան ասոցիացիայի նախագահին մեկ հարց է հետաքրքրում. «Լավ, ինչքան մարդ պետք է մեռնի, որ սրանք խախանդվեն: Իրենք դատապարտյալներին, կալանավորներին մարդ չեն համարում, մարդասիրական, հումանիտար կանոնները իրենց վրա չի տարածվում»:  Հիշեցնենք, որ  Մարդու իրավունքների պաշտպանն իր վերջին զեկույցում եւս արձանագրել է ՔԿ հիմնարկներում բուժական կադրերի պակաս եւ  ոչ պատշաճ բուժօգնություն։